Աշխարհում ամենաբարձր վարձատրվող ռեփերը
Հիփ-հոփ կատարող Շոն Քարթերը, ով հանդես է գալիս Ջեյ Զի կեղծանունով, ամերիկյան Forbes հանդեսի վարկածով դարձել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ռեփեր:
Լենտա.ռու-ն գրում է, որ վերջին 1 տարում երաժիշտը վաստակել է 76,5 միլիոն դոլար: Ամենաբարձր վարձատրվող ռեփերների վարկանշային աղյուսակը գլխավորելու գործում Ջեյ Զիին օգնել է Everything Is Love ալբոմը՝ առաջին ստուդիական սկավառակը, որը նա ձայնագրել է կնոջ՝ Բեյոնսեի հետ համատեղ: Դրանից բացի նա գումար է աշխատել On The Run II հյուրախաղերի շնորհիվ:
Ցանկի երկրորդ հորիզոնականում Շոն Քոմբսն է, նախկինում հայտնի Դիդդի անունով, ով 2017-ին կեղծանունը փոխել էր և իրեն անվանում է Սեր: Նա վաստակել է 64 միլիոն դոլար: Երրորդը Քենդրիկ Լամարն է՝ 58 միլիոնով: Տասնյակում են Դրեյքը՝ 47 միլիոն, J. Cole-ը՝ 35,5 միլիոն,Դոկտոր Դրեն՝ 35 միլիոն, Nas-ը՝ 35 միլիոն, Պիտբուլը՝ 32 միլիոն, Future-ը՝ 30 միլիոն և Քանյե Ուեսթը՝ 27,5 միլիոն դոլարով:
Ընդհանուր առմամբ ցանկում 20 հիփ-հոփ կատարող է, վերջին տեղը կիսել են Russ-ը, Meek Mill-ը և Swizz Beatz-ը: Նրանք վաստակել են 15-ական միլիոն դոլար: