4 հազար հողօգտագործողի կտրամադրվի 60 հազար դրամ սուբսիդիա
Գործադիրի այսօրվա նիստում հաստատվեց որոշման նախագիծ, որով առաջարկվում է հողօգտագործողներին աշնանացան հացահատիկային մշակաբույսերի փաստացի ցանված ամեն հեկտարի հաշվով անհատույց տրամադրել 60 հազար դրամ:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը հայտնեց, որ սոցիալական աջակցությունը կտրամադրվի սահմանամերձ 37 բնակավայրերի հողօգտագործողներին՝ փաստացի ցանված աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունների համար որպես պետական աջակցություն։
Նախարարը նշեց, որ շահառուների թիվը կլինի շուրջ 4 հազար: Ծրագրի համար կպահանջվի շուրջ 182 մլն դրամ, որից սուբսիդիան՝ 180 մլն դրամ։
Նշված գումարի հաշվարկներում հիմք է ընդունվել հանրապետությունում 1 հա վարի և նախացանքային մշակության միջինացված արժեքները: Սուբսիդիան առաջարկվում է տրամադրել յուրաքանչյուր շահառուի մինչև 7 հա փաստացի կատարված աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքի համար:
Պետական աջակցությունը անհատույց կտրամադրվի գյուղատնտեսությամբ զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձանց` սեփականության կամ համայնքային հողերի վարձակալության իրավունքը հաստատող փաստաթղթի հիման վրա։ Պետական աջակցության օբյեկտ չեն համարվի տնամերձ հողատարածքները:
Նախագծի հիմնավորման համաձայն, 2017 թվականի հողային հաշվեկշռի՝ հանրապետության 446 հազ. հեկտար վարելահողերից չի մշակվում կամ նպատակային չի օգտագործվում շուրջ 34.0 %-ը կամ 151.4 հազ. հեկտարը:
«Հայաստանի Հանրապետությունում սպառվող պարենային հացահատիկի ավելի քան 50 %-ը ներկրվում է: Արտադրության ցածր ցուցանիշներն հիմնականում պայմանավորված են աշխարհագրական դիրքի, անբարենպաստ պայմանների, հողերի մասնատվածության, ոռոգման և այլ խնդիրների հետ:
Վերոգրյալ որոշման համաձայն ընտրված համայնքները գտնվում են Ադրբեջանի սահմանային գոտում և տվյալ համայնքներում հողի մշակության համար պահանջվում է բարձր ռիսկայնություն, ինչպես նաև վերջին տարիներին նկատվում է աշնանացան ցանքատարածությունների անկում՝ 2016 թվականին ըստ օպերատիվ տվյալների այն կազմել է շուրջ 3752 հա, իսկ 2017 թվականին՝ 2099 հա:
Նշված համայնքներում ըստ վերլուծությունների՝ վերջին 3 տարիներին (2018 թվականը կանխատեսվող) աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունները կազմելու են շուրջ 2600 հա: Հաշվի առնելով հողօգտագործողների շահագրգռվածությունը ծրագրում ընդգրկվելու համար նշված համայնքներում կանխատեսվում է շուրջ 15% աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունների աճ, ինչի արդյունքում էլ կստացվի հացահատիկի առնվազն 1000 տոննա լրացուցիչ բերք։ Հաշվի առնելով թիրախային տարածաշրջաններում հողակտորների միջին մեծությունը, շահառու տնային տնտեսությունների և իրավաբանական անձանց թիվը կլինի շուրջ 4000»,-նշված է հիմնավորման մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան