BBC. Ադրբեջանը ցանկանում է ավելի շատ զենք ստանալ Իսրայելից
Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանն Ադրբեջանում է, նա հանդիպելու է այդ երկրի նախագահի և ուժային կառույցների ղեկավարների՝ այդ թվում հետախուզության ծառայության ղեկավարի հետ։
BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ, փորձագետները կարծում են, որ այցը կարող է պայմանավորված լինել Իսրայելի կողմից Ադրբեջանին զենքի տրամադրման հերթական գործարքի հետ։
Աղբյուրը գրում է, որ հանդիպումների վերաբերյալ մանրամասներ չի կարողացել ճշտել ոչ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից, ոչ էլ նախագահի աշխատակազմից։
Ադրբեջանը զենք գնում է ոչ միայն Ռուսաստանից, այլև ուրիշ երկրներից, այդ թվում Իսրայելից։ Ռազմակական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը նշել է, որ Ադրբեջանն արդեն երկար տարիներ հետաքրքրված է իսրայելական զենքով ու զինտեխնիկայով։
«Ադրբեջանը չի թաքցնում, որ իսրայելական արտադրանքը հայտնի է ու արդարացրել է նաև նախկինում։ Այսպես, 2016-ին Ադրբեջանն օգտագործեց ժամանակակից իսրայելական անօդաչուներ, որոնք շատ դժվարություններ առաջացրեցին հայկական կողմի համար։ Իրենց լավ են դրսևորել նաև Spike հակատանկային հրթիռները»,-նշել է փորձագետը։
Նրա կարծիքով, Լիբերմանի՝ Ադրբեջան այցի ժամանակ զենքի վերաբերյալ նոր որոշումներ կընդունվեն, սակայն այդ մասին հայտնի կլինի միայն տարեվերջին, երբ երկրները ՄԱԿ-ին ներկայացնում են հաշվետվություն ընթացիկ տարում գնած կամ վաճառած զենքի մասին։
Ջաֆարովը նշել է, որ իսրայելական զենքն ավելի որակյալ է, քան այն, որն Ադրբեջանը գնում է Ռուսաստանից։ Փորձագետը նկատել է, որ Իրանն ու արաբական այլ երկրներ կարող են խանդով վերաբերվել Ադրբեջանի ու Իսրայելի սերտ համագործակցությանը, սակայն ոչինչ անել չեն կարող, բացի այդ Ադրբեջանը և գումար ունի զենք գնելու համար և պատրաստակամություն։
Աղբյուրը գրում է, որ 2006-ից հետո Ադրբեջանը կտրուկ ավելացրել է ռազմական բյուջեն, այսօր այն կազմում է 1.76 մլրդ դոլար։ Բացի այդ, 2005-ին երկրում ստեղծվել է ռազմական արդյունաբերության նախարարություն։