ԲՀԿ-ն դատախազությանը հորդորորում է զբաղվել ոստիկանության գործողությունների իրավաչափության հարցով
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ավագանու ԲՀԿ-ական թեկնածու, ցուցակի յոթերորդ հորիզոնականում հանգրվանած ֆինանսիստ Մարկոս Հարությունյանը հայտարաեց, որ իրեն՝ «ասֆալտին փռելու» երեկվա միջադեպի մասին համացանցում տարածված տեսանյութը բոլորովին իրականությանը չի համապատասխանում:
«Երեկ չէ առաջին օրը քարոզարշավի շրջանակներում գտնվում էինք Շենգավիթ վարչական շրջանում, հանդիպման ընթացքում ընկերներս առաջարկեցին գնալ այդ վարչական շրջանի մեր շտաբ: Այնտեղ մնացինք մոտ քառասուն րոպե: Հետո շարժվում էինք Աջափնյակ, երբ մեր մեքենան կանգնեցրեցին և բառիս բուն իմաստով փռեցին ասֆալտին: Ես ձեռքերս պարզած իջա մեքենայից, ներկայացա, որ ավագանու թեկնածու եմ, առանց որևէ բառ խոսելու ինձ փռեցին ասֆալտին, նկարահանումները ավարտելուց հետո ասեցին՝ ազատ ես, կարող ես գնալ»,- պատմեց ավագանու թեկնածուն:
Նրա խոսքով, ոստիկանները շատ մեծ սխալ են թույլ տվել, բոլորն Աջափնյակում գիտեն, որ ինքն օլիգարխ չի, թիկնազոր չունի, մինչդեռ փաստը ներկայացվել է նման կերպ. «Ես այս ամենը համարում եմ թյուրիմացություն: Իսկ երբ ապրիլյան քառօրյայի ժամանակ «կալոնայով» գնում էինք Արցախ, մեզ չէին կանգնեցնում ու ասֆալտին փռում: Հիմա նույնիսկ ներողություն չեն խնդրում»։
ԲՀԿ ավագանու ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող, Քաղաքական մեկնաբան, «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի հեղինակ և վարող Պետրոս Ղազարյանը նկատեց, որ սա չեն դիտարկում ճնշում իրենց նկատմամբ կամ հետապնդում իրենց քաղաքական ուժին: Հայաստանում շարասյունով երթևեկելն արգելելու վերաբերյալ օրենք էլ, ըստ նրա, չկա:
«Որևէ իրավախախտում չի եղել, նույնիսկ զանցանք չի եղել, բայց մարդկանց ավտոմատներով դիմակներով պառկեցրել են գետնին, նկարել ու տարածել են՝ մարդկանց ներկայացնելով որպես հանցագործ: Մենք ցանկանում ենք դիմել գլխավոր դատախազին և դատախազությանը՝ ստուգելու, թե արդյոք ոստիկանության այս գործողությունն իրավաչափ է: Բացի այդ՝ ուզում ենք դիմել իրավապաշտպան կազմակերպություններին և ՄԻՊ-ին, որպեսզի նրանք կատարվածին գնահատական տալ: Պետք է պայքար տարվի զինված խմբավորումների դեմ, բայց իրավապահները բռնում են օրենքը չխախտած քաղաքացիներին: Բռնել են մարդու, ում, չգիտեն, ինչու են բռնել: Տեսել են երկու համարանիշ իրար հետևից քշում են, գնացել և բռնել են մարդկանց»,- ասաց նա:
Անդրադառնալով ԲՀԿ-ի կողմից ընտրություններին ընդառաջ ընտրակաշառք բաժանելու մասին լուրերին՝ Պետրոս Ղազարյանը ոստիկանությանը հորդորեց զբաղվել այդ գործով, կամ էլ արձանագրել, որ դա զրպարտություն է:
Հիշեցնենք, որ ավագանու անդամ Մարկոս Հարությունյանի հետ վերոնշյալ միջադեպը տեղի էր ունեցել երեկ:
Հարակից հրապարակումներ`
- Օսիպյանը՝ Ալեքսանյանի ու Սուքիասյանի թիկնապահներին ոստիկանություն տանելու մասին
- Եթե ուզում էին օլիգարխների թիկնապահներին ասֆալտներով ծեփրտել, վաղուց պետք է դա արած լինեին. Հ. Խուրշուդյան
- «Ժողովուրդ». Ամեն անգամ երբ Փաշինյանը մտնում է ժողովրդի մեջ, թիկնապահները սթրես են ապրում. Հրաչյա Հարությունյան