Նորմալ քարոզաշավ է՝ հնացած մեթոդաբանությամբ, մշտական շոուներով. Արարատ Զուրաբյան
Արդեն մի քանի օր է՝ մեկնարկել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը։ Այն կշարունակվի մինչև սեպտեմբերի 21-ը: Առաջիկա օրերի ընթացքում ընտրությունների մասնակից քաղաքական ուժերը երևանցիներին կներկայացնեն իրենց նախընտրական ծրագրերը, հանդես կգան Երևանի խնդիրներին լուծում տալու սեփական տեսլականով։
Panorama.am-ի թղթակիցը զրուցել է՝ «Երևանցիներ» կուսակցությունների դաշինքի քաղաքապետի թեկնածու Արարատ Զուրաբյանի հետ։
Panorama.am- Պարոն Զուրաբյան, ինչպե՞ս եք գնահատում նախընտրական քարոզարշավի մեկնարկը, ինչպիսի՞ ընթացք եք կանխատեսում։
Արարատ Զուրաբյան- Նորմալ քարոզաշավ է՝ հնացած մեթոդաբանությամբ, մշտական շոուներով, օդային խոտումներով, որոնք ոչինչ չեն նշանակում, ոչինչ չեն տալիս։
Panorama.am- Եթե խոսում եք շոուների և օդային խոստումների մասին, կարելի՞ է ենթադրել, որ ինքներդ փորձում եք զերծ մնալ դրանցից։
Արարատ Զուրաբյան- Ես բնականաբար չեմ զբաղվում այնպիսի բաներով, որոնք անհեթեթ են։ 21-րդ դարում առկա են բոլոր հնարավորությունները՝ տեսակետներ հայտնելու, ամեն ինչի մասին խոսելու։ Լավ կլիներ, եթե քաղաքապետի թեկնածուները փորձեին այլ ճանապարհով գնալ, բանավեճեր կազմակերպվեին, որոնց ընթացքում մարդիկ կտեսնեին՝ ով ինչ է ասում, ով ինչի է ընդունակ։ Այս ամենը մեզ մոտ չկա, մեզ մոտ ոչ թե նախընտրական պայքար է, այլ լավ կամ էլ ավելի լավ շոու կազմակերպելու պայքար։
Panorama.am- Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ Երևանի քաղաքապետի ընտրությունները հեղափոխության և հակահեղափոխության ընտրություններ են։
Արարատ Զուրաբյան- Երևանի ավագանու ընտրությունները քաղաքական ներկապնակը ներկայացնող պառլամենտական ընտրություններ չեն։ Լինելով ինչ-որ չափով քաղաքական՝ դրանք նաև որոշակիորեն ապաքաղաքական են, որովհետև ընտրված ուժերը պետք է անեն ամեն ինչ՝ 21-րդ դարին համահունչ մայրաքաղաք ունենալու համար, միասնաբար քայլելու, քան թե բաժանարար գծեր գծելու։ Եղած թեկնածուների մեջ ես հակահեղափոխականի չեմ տեսնում, ով ստանձնել է ինչ-որ գործառույթ։ Հակառակը, նրանք, ովքեր դա կարող են անել, ընտրություններին չեն մասնակցում։
Panorama.am- Իսկ ինչո՞ւ երևանցին հենց ձեր քաղաքական ուժին պետք է ձայն տա։
Արարատ Զուրաբյան- Որովհետև մարդը, երբ ատամը ցավում է, չի գնում ավտոմեխանիկի մոտ։
Panorama.am- Պարոն Զուրաբյան, Երևանի ավագանու ընտրություններին մասնակից ուժերից ո՞ւմ եք ձեզ մրցակից համարում։
Արարատ Զուրաբյան- Բնականաբար, ընտրությունները մրցակցային պրոցես են, և բոլոր մասնակիցները մրցակից են, բայց որևէ մեկի հանդեպ բացասական տրամադրված չեմ, բոլորը դրական մարդիկ են։
Հարակից հրապարակումներ`
- Իմ փորձը միշտ բերել եմ ի նպաստ իմ քաղաքի՝ այն ավելի հարմարավետ դարձնելու. քաղաքապետի թեկնածու
- Եթե չենք վերացնում մետաստազները, ապա մեկ է՝ աղբամանները կփոխենք, թե կոյուղին կսկսի լավ աշխատել. «Հայք»-ի քաղաքապետի թեկնածու