Հեղափոխական էյֆորիան պահելու համար երևի մի քանի այլ «մասկի շոուներ» էլ կմտածեն. Նաիրա Զոհրաբյան
«Երևի առաջարկենք մեր ոստիկանությանը այսուհետ թաղումների, հարսանիքների տեղաշարժը կազմակերպել երթուղային տաքսիներով և մետրոյով»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածու Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով ոստիկանների կողմից իրենց ցուցակի յոթերորդ հորիզոնականում հանգրվանած Մարկոս Հարությունյանին «ասֆալտին փռելու» երեկվա միջադեպին:
«Մեր կոչն է դատախազությանը քննել ոստիկանության գործողությունների իրավաչափությունը: Ես հասկանում եմ, որ բոլոր ժամանակներում ՀՀ ոստիկանությունը գործել է օրվա իշխանության կրունկի տակ, և կապ չունի՝ օրվա իշխանությունը եղել է Լևոն Տեր-Պտրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, թե հիմա Նիկոլ Փաշինյանը: Ինչպես երեկ կառավարության նիստից հետո հայտարարեց ոստիկանապետը, իրենք արագ արձագանքելու են վարչապետի հանձնարարականներին: Պարոն Օսիպյան, մի քիչ դանդաղ արձագանքեք, արձագանքելուց առաջ էլ մտածեք՝ ինչ եք անում:
Այլապես ինքներդ խախտում եք բազմաթիվ օրենքներ՝ ընդամենը հեռուստաշոու նախապատրաստելու համար: Եթե ավագանու մեր թեկնածուն օրենք է խախտել, ինչու եք ձեր ռեպորտաժը նկարելուց հետո ասել՝ «Մարկոս ջան, ազատ ես, կարող ես գնալ տուն»: Որովհետև ձեզ ընդամենը պետք է եղել երկու-երեք րոպեանոց «ուժըս ռոլիկ»՝ ահուսարսափ տարածելու համար: Այս օրերին քանի՞ անմեղ մարդ փռվեց ասֆալտին, որպեսզի հանրության մոտ հեղափոխական էյֆորիայի դոզան բարձր պահեք: Այն, ցավոք սրտի, մարելու հատկություն ունի: Ուրեմն ի՞նչ պետք է անել. նման հիչքոկյան ռեպորտաժներով էյֆորիան պահել, հետո էլ երևի մի քանի այլ «մասկի շոուներ» կմտածեն»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Անդրադառնալով լուրերին, որոնց համաձայն ԲՀԿ-ն ընտրություններին ընդառաջ ընտրակաշառք է բաժանում, քաղաքապետի թեկնածուն նշեց, որ եթե ոստիկանությունը չգնա ստահոդ ահազանգերի հետևից, ապա իրենք անձամբ են իրավական գործընթաց սկսելու:
«Աբսուրդ է: Իբրև թե մենք փոստատարների միջոցով ընտրակաշառք ենք բաժանում: Ոստիկանությունը պետք է զբաղվի այս ահազնագերով, մենք արդեն մեր իրավաբաններին հանձնարարել ենք նման լուրեր տարածող մարդկանցով: Նաև անձնագիր հավաքելու էպոպեան: Ասենք թե ինչ-որ մեկն անձնագիր է հավաքում, պատճենն ընտրատեղամասում ի՞նչ պետք է անի, քսերոքսով քվերակելո՞ւ են: Դա ինչ կապ ունի ընտրական պրոցեսի հետ, ամեն ինչ չի կարելի հասցնել աբսուրդի»,- ասաց պատգամավորը՝ նշելով, որ ընտակաշառք բաժանելու մասին կեղծ լուրերն արատավորում են իր արժանապատվությունը և ինքը երբեք Երևանից մի լումա անգամ չի գողանալու, քաղաքապետ ընտրվելու դեպքում աշխատելու է յուրաքանչյուր տղամարդուց էլ ավելի խիստ:
Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ որոշ քաղաքական ուժեր «զորացրված հանրապետականների հետ քուչեքում սուրճ են խմում», Նաիրա Զոհրաբյանը պարզաբանեց՝ շախմատիստ Լևոն Արոնյանի և ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ սոցցանցերում տարածված իր լուսանկարը վաղուցվա պատմություն ունի, սակայն նոր են միայն կենտրոնացել դրա վրա՝ փորձելով այսկերպ սևացնել ԲՀԿ-ին:
Ասուլիսին ներկա, ԲՀԿ ավագանու ցուցակի երրորդ համար Արման Աբովյանն իր հերթին նկատեց, որ վերջին օրերին որոշ քաղաքական ուժեր ցայտնոտի մեջ են:
«Ամենակարևորն այն է, որ որոշ քաղաքական ուժեր փորձում են այս սոցիալական բնույթ կրող ընտրություններն ատամներով ներքաշեն քաղաքական դաշտ: Այն ուժերը, որոնք փորձում են քաղաքականացնել այս ընտրությունները, սոցիալական դաշտում ասելու ոչ մի բան չունեն»,- ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- ԲՀԿ-ն դատախազությանը հորդորորում է զբաղվել ոստիկանության գործողությունների իրավաչափության հարցով
- Օսիպյանը՝ Ալեքսանյանի ու Սուքիասյանի թիկնապահներին ոստիկանություն տանելու մասին
- Եթե ուզում էին օլիգարխների թիկնապահներին ասֆալտներով ծեփրտել, վաղուց պետք է դա արած լինեին. Հ. Խուրշուդյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան