«Startup Boost weekend»-ին ուսանողները կմրցեն իրենց բիզնես գաղափարներով
Հայաստանի ամերիկյան համալսարանում մեկնարկել է «Startup Boost weekend»-ը` ստարփափերի խթանմանն ուղղված միջոցառումը։ Այն իրականացվում է «Քաթըլիստ» հիմնադրամի ու Ամերիկյան համալսարանի «EPIC» կենտրոնի նախաձեռնությամբ և Եվրոպական միության «SMEDA» ծրագրի
ֆինանսավորմամբ։
Նախաձեռնության գործընկերներն են ԵՊՀ-ն, Հայ-ռուսական սլավոնական, Պոլիտեխնիկական և Ամերիկյան համալսարանները, մասնակիցների շարքում են նաև Հայաստանի տարբեր մարզերի համալսարանների ուսանողներ` տարբեր մասնագիտություններով։
«Startup Boost weekend»-ը 54-ժամյա միջոցառում է, որի ընթացքումուսանողները ներկայացնելու են իրենց նորարարական գաղափարները, աշխատելու են փորձառու մենթորների, ձեռներեցների ու ներդրողների հետ։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ, առաջին օրը մասնակիցները ներկայացնում են իրենց գաղափարները, երկրորդ օրը քննարկում բիզնես մոդելի զարգացման քայլերը, հարցազրույցներ անցկացնում հաճախորդների հետ, ստեղծում պրոդուկտի նախատիպերը և պատրաստվում ներդրումային շնորհանդեսին։ Միջոցառման վերջին օրը թիմերն ունեն 4 րոպե, որպեսզի ժյուրիի ձեռներեց անդամներին ներկայացնեն իրենց նախագծերը։
Մրցույթի ավարտին ժյուրիի կողմից ընտրված լավագույն թիմերի համար նախատեսված են մրցանակներ առաջին և երկրորդ տեղերի համար` համապատասխանաբար 600 և 400 ԱՄՆ դոլարի չափով։