Պատերազմի մասին պատմող ամենահայտնի բեսթսելերը հայ ընթերցողի սեղանին է
Գերմանացի աշխարհահռչակ գրող, 20-րդ դարի ամենահանրահայտ և ընթերցվող հեղինակներից Էրիխ Մարիա Ռեմարկի «Արևմտյան ճակատում նորություն չկա» վեպի հայերեն թարգմանությունը մի քանի օր առաջ է վաճառքի հանվել գրախանութներում, բայց պատերազմի մասին պատմող ամենահայտնի բեսթսելլերն արդեն հասցրել է դառնալ ընթերցվածներից մեկը։
Սեպտեմբերի 14-ին, «Նոյյան տապան» գրախանութում տեղի ունեցավ «Արևմտյան ճակատում նորություն չկա» վեպի հայերեն թարգմանության շնորհանդեսը: Գերմաներենից այն թարգմանել է Վանուհի Բաղմանյանը, գիրքը հրատարակել է «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը։
Էրիխ Մարիա Ռեմարկի «Արևմտյան ճակատում նորություն չկա» գիրքը լույս է տեսել 1929 թվականին: Այն պատերազմի մասին պատմող երբևէ ստեղծված ամենավաճառված գրքերից է, որն, ի դեպ, նացիստական Գերմանիայում արգելված գրականության ցանկում է եղել: Ստեղծագործության հերոսները գերմանացի զինվորներն են, գործողությունները ծավալվում են Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին:
Գրքում ականատեսի սուր աչքով ներկայացված են պատերազմող զինվորիների ապրումները, նրանց կյանքը, հոգեվիճակը, մտքերը:
Գրքի խմբագիր Լուսինե Համբարյանը նշեց, որ այն պատմում է երիտասարդների մասին, որոնք դպրոցական նստարանից անմիջապես հայտնվում են ռազմաճակատում։ Այդ փոփոխությունը նրանց կյանքում միանգամից է լինում, և պատերազմը ժամանակից շուտ հասունացնում է նրանց։
«Այս գիրքը հենց պատերազմական շրջանի մասին է պատմում՝ դրանով տարբերվելով նախորդ երկու գրքերից՝ «Երեք ընկերից» և «Հաղթական կամարից»։ Այսինքն՝ մենք ականատես ենք լինում, թե ինչ հանգամանքներն են բերում այս մարդկանց ներաշխարհի փոփոխություններին»,- ասաց Լուսինե Համբարյանը։
Նրա խոսքով՝ գրքի արժանիքներից մեկն այն է, որ այն միայն պատերազմի մասին չէ, հեղինակը պատերազմին զուգահեռ ներկայացնում է մարդկանց ընկերասիրությունն ու նվիրվածությունը, իրական ընկերների, որոնք պատրաստ են միմյանց համար իրենց կյանքը զոհել, որոնք տառապում են միմյանց ցավով, հրճվում՝ ուրախությամբ։ Ի վերջո ընկերների, ընտանիքի նկատմամբ սերը ոչ մի պատերազմ չի կարող բթացնել այս մարդկանց սրտում։
«Այստեղ նաև արծարծվում են հարցեր, որոնք բոլորին տարբեր ժամանակներում հետաքրքրել են։ Այդ հարցերից է՝ ինչի համար է ընդհանրապես պատերազմը, ում է ձեռնատու այն։ Այս գրքի հերոսները նույնպես բախվում են այս հարցերին և փորձում են գտնել պատասխաններ։ Նրանք կանգնում են իրենց թշնամու առջև և հասկանում, որ նրանք նունպես իրենց նման երիտասարդներ են՝ նույն հույզերով ու ապրումներով։ Այսինքն՝ բազմաշերտ գիրք է։ Պետք է խոստովանեմ, որ խմբագրելիս այն շատ մեծ ազդեցություն է ունեցել ինձ վրա և հաճախ նույնիսկ չեմ կարողացել զսպել իմ էմոցիաները»,- նշեց Լուսինե Համբարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ռեմարկի «Արևմտյան ճակատում նորություն չկա» գիրքը բնագրային թարգմանությամբ կներկայացվի ընթերցողին
- Տեղի կունենա Ռեմարկի «Հաղթական կամարը» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը
- Քովի, Ռեմարկ, Էքզյուպերի՝ 2018-ին հայ ընթերցողների դատին հանձնվող գրքերը
- Էրիխ Մարիա Ռեմարկի «Երեք ընկեր»-ը թարգմանվել է հայերեն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին