Ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների մայրերը միանում են «Կանայք հանուն խաղաղության» արշավին
Ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն այսօր հայտարարեցին, որ միանում են ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի՝ «Կանայք հանուն խաղաղության» արշավին։
Մայրերի նախաձեռնությամբ՝ այսօր հանդիպում էր կազմակերպվել վարչապետի նստավայրում։
«Բոլոր մայրերը մերժում են պատերազմը, ողջունում և միանում են ՀՀ վարչապետի տիկին Հակոբյանի խաղաղության արշավին։ Այսօր մենք՝ մայրերս, կոչ ենք անում լռեցնել աշխարհի բոլոր հրանոթները։ Երեսուն տարի է՝ արցախաադրբեջանական հակամարտությունը մահաբեր վիշտ է Հայաստանի և Ադրբեջանի հոգեծին մայրերի համար։ Կոչ եմ անում ադրբեջանցի մայրերին ևս հետևել այս արշավին»,- հայտարարեց Ապրիլյան պատերազմում զոհված կապիտան Արմենակ Ուրֆանյանի մայրը՝ տիկին Համեստը։
Աննա Հակոբյանը շնորհակալություն հայտնեց բոլոր մայրերին՝ իր նախաձեռնած արշավին միանալու համար և նշեց. «Մենք՝ Հայաստանի ու Արցախի քաղաքացիներս, ողջ աշխարհում ապրող մեր հայրենակիցների հետ միասին մինչև մեր կյանքի վերջ պարտք ենք ձեզ: Որովհետև անհերքելի փաստ է, որ ապրիլյան քառօրյա պատերազմի հանգուցալուծումը մեծապես կախված էր ձեր որդիների ու 18-20 տարեկան մեր տղաների հերոսությունից ու սխրագործությունից: Ես վստահ եմ, որ աշխարհում չկա մի բան, որով կարող ենք մենք ձեզ վարձահատույց լինել, որովհետև դուք հայրենիքին տվել եք ձեր անգինը, ձեր անփոխարինելին: Նրանց հերոսությունը, վստահաբար, գիտակցաբար է տեղի ունեցել, որովհետև այսպիսի մայրերից կծնվեին ու կդաստիարակվեին միմիայն հերոս ու քաջ որդիներ։ Մայրությունը չի ճանաչում ազգություն, քաղաքացիություն, կրոն, մաշկի գույն, մայրությունը ճանաչում է անսահման սեր, գորգուրանք և փաղանշանք և սեփական երեխայի կորստի ցավը բացարձակապես նույնն է բոլոր մայրերի մոտ»։
Նա հույս հայտնեց, որ իրենց ձայնը կհասնի նաև ադրբեջանցի մայրերին, ու նրանք նույնպես կխոսեն ընդդեմ պատերազմի ու հանուն խաղաղության։
Հավաքված մայրերն ընդգծեցին, որ իրենց սկսած արշավը երբեք ու որևէ կերպ թուլության նշան չընկալել։
Վերջում վարչապետի տիկինը հավելեց. «Մենք չենք խնդրում ադրբեջանցի մայրերին կամ ղեկավար պաշտոններ ստեղծող կանանց, թող իրենք իրենց համար որոշեն՝ կիսում են մեր այս մոտեցումը, թե ոչ։ Մեր գործողությունները որևէ կերպ կախված չեն նրանց գործողություններից»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան