Պաշտպանը ստացել է ահազանգեր Բաղանիս և Չինարի գյուղերի գնդակոծության մասին
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է ահազանգեր այն մասին, որ վերջին մի քանի օրերի՝ սեպտեմբերի 13-15-ի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից դարձյալ գնդակոծվել են Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը: Համապատասխան հրապարակումներ են առկա նաև զանգվածային լրատվամիջոցներում:
ՄԻՊ աշխատակազմից հայտնում են՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին տրամադրված տվյալները վկայում են, որ Բաղանիս գյուղում կրակոցներն արձակվել են գյուղի դպրոցի, քաղաքացիական տների ու գյուղ տանող ավտոճանապարհի ուղղությամբ:
Ըստ Չինար գյուղին վերաբերող տեղեկությունների՝ վաղ առավոտյան տեղի ունեցած կրակոցների հետևանքով վնասվել է գյուղի մանկապարտեզը, այն պաշտպանող պատը, ինչպես նաև քաղաքացիական բնակիչների տներ: Կրակոցների պատճառած վնասները գյուղի վարչակազմի իրավասու ներկայացուցչին և բնակիչներին հիմք է տվել եզրակացնելու, որ դրանք արվել են խոշոր տրամաչափի գնդացիրներից և դիպուկահարներից:
«Մարդու իրավունքների պաշտպանի կողմից առաջիկայում կամփոփվի սեպտեմբերի 2-ից սկսած ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի սահմանամերձ գյուղերի գնդակոծությունների առնչությամբ փաստահավաք աշխատանքները: Դրանք արդեն իսկ վկայում են, որ կրակոցներն արվում են գյուղի խաղաղ բնակիչների, այդ թվում՝ երեխաների կյանքի և առողջության համար վտանգավոր եղանակով:
Առաջիկայում կհրապարակվի արտահերթ զեկույց, որը կուղարկվի մարդու իրավունքների ոլորտի միջազգային կառույցներին»,-ասված է ՄԻՊ աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ զինված ուժերի արձագանքից հետո Բաղանիսում իրավիճակը կայունացել է. Դավիթ Տոնոյան
- Վնասներ չկան, գիշերն անցել է հանգիստ. Բաղանիսի գյուղապետ
- Հակառակորդն այսօր կրակոցներ է արձակել Բաղանիսի ուղղությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին