ԲՀԿ-ն բազում տեսանելի և անտեսանելի կոալիցիաների մեջ է եղել ՀՀԿ-ի հետ. Լենա նազարյան
«Մեր ցուցակում կա Միքայել Հասրաթյան անունով թեկնածու, որը ոչ մի կապ չունի Միքայել Մինասյանի բարեկամների հետ, ընդամենն անուն-ազգանունի համընկնում է»,-ԱԺ ճեպազրույցի ժամանակ այսօր ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը՝ անդրադառնալով Երևանի քաղաքապետի ԲՀԿ թեկնածու Նաիրա Զոհրաբյանի այն հայտարարությանը, թե «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակում տեղեր են զբաղեցնում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և Միքայել Մինասյանի մերձավորները։
«Տիկին Զոհրաբյանը նաև նշեց մեկ անձի մասին, ով իբր Զորի Բալայանի բարեկամն է։ Մենք պատկերացում չունենք՝ ում մասին է խոսքը։ Եվ ևս մի հոգի, հավանաբար Վիկտոր Մնացականյանի մասին է խոսքը, ով Միքայել Մինասյանի սանիկն է։ Ուզում եմ հատուկ նշել, որ Վիկտոր Մնացականյանը հեղափոխության օրերին շատ ակտիվ մասնակցել է ճանապարհներ փակելուն։ Այս մասին կան տեսանյութեր։
Միաժամանակ ուզում եմ նշել մի կարևոր հանգամանք, այն մասին, թե ումից ինչ է ուզում տիկին Զոհրաբյանը։ «Ծառուկյան դաշինքն» ապրիլի 17-ին ինը պատգամավորով կողմ է քվեարկել Սերժ Սարգսյանի վարչապատությանը, ինչպես նաև մի քանի անգամ կոալիցիայի մեջ է եղել ՀՀԿ-ի հետ։ 2008 թվականի մարտի 21-ին՝ մարտի 1-ից 20 օր հետո, տիկին Զոհրաբյանը կողմ է քվեարկել Երևանում արտահերթ դրություն մտցնելու ԱԺ որոշմանը։ ԲՀԿ-ն բազում տեսանելի և անտեսանելի կոալիցիաների մեջ է եղել ՀՀԿ-ի հետ։ Եվ այս ամենից հետո իրենք մեզ ինչ-որ մեղադրանքներ են ներկայացնում»,- ասաց պատգամավորը։
Լենա Նազարյանի խոսքով, պետք է արձանագրել նաև Նաիրա Զոհրբյանի այն ասածը, որ Ռոբերտ Քոչարյանը և Սարգսյանն իրենց համար գոյություն չունեն։ Նա հույս հայտնեց, որ ԲՀԿ-ի հերթական նմանօրինակ հայտարարությունը իսկապես վերջնական է։
Հարակից հրապարակումներ`
- Հեղափոխական էյֆորիան պահելու համար երևի մի քանի այլ «մասկի շոուներ» էլ կմտածեն. Նաիրա Զոհրաբյան
- Նաիրա Զոհրաբյան. Վաղը կհանդարտվեն այս էմոցիաները ու դարձյալ Երևանը կմնա բազմաթիվ չլուծված խնդիրների հետ
- Նաիրա Զոհրաբյան. Նուբարաշենը Երևանի աղետի գոտիներից մեկն է
- Պետք է հրահանգել, որ հրահանգ չի լինելու. Նաիրա Զոհրաբյան
- Նաիրա Զոհրաբյան. Մենք երևանցիներին չենք բաժանելու յուրայինների ու օտարների