Սիլվա Ադամյան. Կոկորդիլոս բուծելու որոշումը Հայաստանին պատիվ չբերող է ու անընդունելի
Արարատի մարզում կոկորդիլոսաբուծարան հիմնելու մտադրության մասին մարզպետ Գարիկ Սարգսյանի հայտարարությունից հետո ավելի շատ հարցեր հնչեցին, քան պատասխաններ եղան։ Բնապահպաններից շատերը չողջունեցին նախաձեռնությունը, մտահոգություններ եղան շրջակա միջավայրի, ջրային ավազանի վրա դրա հնարավոր ազդեցության վերաբերյալ։
«Կոկորդիլոսաբուծարան հիմնելու որոշումը Հայաստանին պատիվ չի բերում».-Panorama.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց բնապահպան, կենդանաբան Սիլվա Ադամյանը՝ հիշեցնելով, որ հիմա զարգացած երկրներում հակառակ միտումն է, մարդիկ հրաժարվում են բնական մորթիներից, բնական կաշվից պատրաստված իրերի օգտագործումից։
Բացի այդ, խոսքը վերաբերում է մի կենդանու, որն արտերկրում ընդգրկված է Կարմիր գրքերում, իսկ Հայաստանի բնակլիմայական պայմանները նրանց համար բարենպաստ չեն։
Բացի բարոյականից, հարցն ունի նաև նյութական կողմ՝ ջրային ի՞նչ պաշարներ են օգտագործվելու, բուծարանի գործունեությունն ի՞նչ ազդեցություն կունենա շրջակա միջավայրի վրա, փորձաքննություն եղե՞լ է, ինչպե՞ս են երաշխավորելու աշխատակիցների անվտանգությունը, ի՞նչ են ուտելու այս կենդանիները, ի՞նչ պայմաններում են պահվելու դրանք, որտե՞ղ է թափվելու դրանց կղանքը, ո՞ւր են գնալու կեղտաջրերը։
«Ես կապ եմ հաստատել նախարարության հետ, մեզ պատասխանել են, որ ծրագրի մասին որևէ տեղեկատվություն չունեն»,-նշեց նա։
Սիլվա Ադամյանի ղեկավարած ՀԿ-ում բնապահպանության նախարարությանն ուղղված մի նամակ են պատրաստում, այսօր կամ վաղը նախատեսում են ուղարկել հասցեատիրոջը, հույս ունեն իրենց հարցերին սպառիչ պատասխաններ կտրվեն, ծրագրի վրա լույս կսփռվի։
«Ինչպես գիտենք, Արարատյան դաշտավայրում ջրերի հետ կապված լուրջ խնդիր կա, դա վերաբերում է ոչ միայն արտեզյան ջրերին, այլ Սևանից բաց թողնված ջին, որ մեծ մասը գալիս է հարթավայր։ Մի քանի օր առաջ արմավիրցիները բողոքում էին, որ չնայած Սևանից ջուր է բաց թողնվել, բայց մարդկանց չի հասել։ Մի խոսքով, մենք ջրի շատ լուրջ խնդիր ունենք։ Այս պարագայում պետք է շատ հստակ հայտարարվի, թե ինչ ջուր են օգտագործելու»,-մտավախությունները ներկայացրեց բնապահպանը։
Անկախ այն բանից, թե ինչ պատասխաններ կստանան պետական գերատեսչությունից, որպես կենդանաբան՝ Ադամյանը պնդում է, որ անընդունելի որոշում է։ «Մեզ ոչ մեկիս պետք չի կոկորդիլոսի միս ուտել։ Եկեք առաջին հերթին զբաղվենք տավարաբուծությամբ կամ այլ կենդանիների բուծմամբ։ Եվ եթե որևէ մեկը ցանկանում է այստեղ գումարներ ներդնել, ապա դա կարող է անել գյուղատնտեսության այլ ճյուղում, ոլորտում»,-նկատեց Ադամյանը։
Նա գրեթե համոզված է, Տանզանիայից Հայաստան ներդրողին բերել են էժան աշխատուժն ու ռեսուրսները, իսկ Հայաստանն այս ամենից օգուտ չի ունենա։
«Ես համոզված եմ, որ կոկորդիլոսի միսը Հայաստանում սպառում չի ունենալու, կաշին էլ արտահանվելու է։ Դրանից ներդրողը բավականին մեծ գումարներ է ստանալու։ Ես չեմ հասկանում, թե նա ինչու պետք է գա ու այստեղ այդ բանն անի։ Երևի աշխատուժն էժան է։ Աշխատուժի մասին ասեմ՝անսպառ տեղեր են լինելու, որովհետև կոկորդիլոսի ֆերմայում աշխատելն ահավոր, սարսափելի վտանգավոր գործ է»,-ընդգծեց Ադամյանը։
Նա եղել է Բանգկոգում այն ժամանակ, երբ ջրհեղեղի հետևանքով կոկորդիլոսները դուրս էին եկել ֆերմայի տարածքից, խժռել էին իրենց ճանապարհին հանդիպած մարդկանց, բազմաթիվ ավերածություններ գործել։
«Երբ մենք խոսում էինք ֆերմային հարող տարածքի բնակիչների հետ, մեզ ասեցին, որ ամեն տարի մեծ թվով աշխատակիցներ զոհ են գնում գիշատիչ կենդանիներին։ Ստացվելու է անսպառ աշխատատեղեր Արարատյան դաշտավայրում...։ Պետք է համայնքի ժողովուրդն իմանա, որ դա մահացու աշխատանք է։ Եվ աստված մի արասցե, եթե այն, ինչ եղավ Բանգկոգում, կրկնվի Հայաստանում, մենք չենք կարողանա վտանգի դեմն առնել։ Ես չեմ հասկանում, պրոբլեմնե՞ր ենք ստեղծում մեր գլխին։ Ուզում եմ հասկանալ՝ թե որ մի խելացին է թույլ տալիս, որ գան այստեղ ու նման գործունեություն ծավալեն»,-ասաց նա։
Բացի խնդիրների մասին բարձրաձայնելուց, Ադամյանն ամեն ինչ անելու է, որպեսզի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննության իրականացմանը մասնակցեն նաև իրենք։
Panorama.am-ը ծրագրի վերաբերյալ հարցեր է ուղղել բնապահպանության նախարարությանը, ստանալուն պես այն կներկայացնենք ընթերցողներին։
Հիշեցնենք, որ իր պաշտոնավարման 100 օրն ամփոփող մարզպետը մասնավորապես ասել էր. ««Արմոտ» ՍՊԸ-ն այս համայնքում արդեն վարձակալության է վերցրել 15 հա տարածք, հանդիպում է ունեցել բնակիչների հետ և ներկայացրել ծրագիրը: Առաջիկա մեկ տարվա ընթացքում 1,5 մլն դոլարի ներդրում են, իսկ հետագա հինգ տարում ներդրումների ծավալները կհասնեն 10 մլն դոլարի: Ներդրողը Տանզանիայից է, ով հետաքրքրված է կոկորդիլոսի կաշվի արտադրությամբ»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան