Ընտրակաշառք բաժանվել է Երրորդ մաս թաղամասում. «Ելք»-ի պատգամավոր
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարել էր, որ իրենց ունեցած տեղեկություններով, արդեն իսկ ընտրակաշառքներ են բաժանվում։
«Այո, մենք դիմել ենք իրավապահներին, փոխանցել ենք տեղեկություններ, որովհետև քաղաքացիներն այդ մասին մեզ տեղեկություններ են հայտնում»,-մասնավորապես նշել էր նա։
Panorama.am-ի թղթակիցը զրուցեց պատգամավորի հետ՝ հստակեցնելու՝ հատկապես ո՞ր քաղաքական ուժին նկատի ուներ նա և Երևանի որ վարչկան շրջանում են կոնկրետ ընտրակաշառք բաժանելու դեպքեր գրանցվել։
«Որևէ կոնկրետ ուժի նկատի չեմ ունեցել։ Ահազանգը դեռ պետք է ստուգվի, և իրավապահ մարմինները միայն կարող են պարզել՝ ում կողմից է ընտրակաշառքը բաժանվել։ Ես տեղյակ եմ, որ ընտրակաշառք բաժանվել է Երրորդ մաս թաղամասում։ Ինձ այդ մասին տեղեկացրել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, նրան ևս ահազանգել են»,- ասաց Լենա Նազարյանը։
Հարցին՝ արդյոք ընտրակաշառքի չափը ճշտվե՞լ է, պատգամավորը բացասական պատասխան տվեց։
Լենա Նազարյանը միաժամանակ տեղեկացրեց, որ ԱԺ ճեպազրույցից հետո իրեն է զանգահարել Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը և հետաքրքրվել՝ արդյոք «Ելք»-ի հայտնած ահազանգը թա՞րմ է, թե տեղեկություն է, որը ոստիկանությունն արդեն իսկ ունի։
«Ես ճիշտն ասած չգիտեի, որ նրանք արդեն իսկ ունեն այլ ահազանգեր։ Չեմ կարող ասել՝ ով է դիմել։ Հասկացա միայն, որ նրանք էլ ահազանգ են ստացել, սակայն հարմար չէր ճշտելու՝ հատկապես ումից են ստացել»,- նշեց մեր զրուցակիցը։
Մանրամասներ ճշտելու նպատակով զրուցեցինք նաև ոստիկանության ՀՀ ոստիկանության լրատվական վարչության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանի հետ, ով թեև կոնկրետ տվյալներ չհայատնեց, սակայն ասաց, որ ավելի ուշ իրենք թեմայի շուրջ տեղեկություններ կտրամադրեն։
Հարակից հրապարակումներ`
- Ընտրակաշառքներ են բաժանվում, դիմել ենք իրավապահնեերին. Լենա Նազարյան
- Իվետա Տոնոյան. Կամ ընտրակաշառքի մասին փաստեր ներկայացրեք, կամ կպատժվեք
- Ընտրակաշառք տալը կամ վերցնելը քրեականացվում է