Քուվեյթում առաջին անգամ ներկայացվելու է Մոցարտի «Կախարդական սրինգը» օպերան
Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը «Կախարդական սրինգ» օպերան կներկայացվի Քուվեյթում` երկրի օպերային թատրոնի բացման շրջանակում, որը կլինի առաջին ներկայացումը Քուվեյթի ողջ պատմության ընթացքում: Այս մասին հայտնում են օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մամուլի ծառայությունից։
Նախքան այդ Երևանի Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը սեպտեմբերի 13-15-ը հյուրախաղերով հանդես է եկել Դուբայում: Թատերաշրջանի ընթացքում տեղի է ունեցել Վ. Մոցարտի «Կախարդական սրինգը» օպերայի պրեմիերան Դուբայի նորակառույց օպերային թատրոնում, հանդես են եկել Երևանի օպերային թատրոնն արտիստական իր երկու կազմով:
Թատրոնի մեներգիչ, բաս, Զարաստրոյի դերակատար Զոհրաբ Զոհրաբյանն ասել է, որ Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերան Հայաստանում երբևէ չի ներկայացվել, միայն եղել է համերգային ձևաչափով:
«Ժամանակին բեմադրվել է միայն Մոցարտի «Դոն Ժուան» օպերան, որը կոմպոզիտորի միակ օպերան էր, որ ներկայացվել էր Հայաստանում: «Կախարդական սրինգ»-ը Մոցարտի երրորդ և վերջին օպերան է, որից երկու ամից անց նա մահացել է: Այն համարվում է կոմպոզիտորի լավագույն օպերաներից մեկը և ընդգրկված է աշխարհի լավագույն օպերային թատրոնների խաղացանկերում: Այստեղ հիմնական դերերը կազմված են հիերարխիկ փոխլրացումներով՝ Արև–Լուսին, Կրակ-Ջուր, Հող-Օդ: Ես անդրադառնամ իմ հատվածին՝ Արև-Լուսնին: Զարաստրոյի կերպարը հանրությանն է ներկայացվում առաջին գործողության վերջում և երկրորդ գործողության մեջ ամբողջությամբ: Նա մարդու ստատիկ խորհրդանիշն է, ով չի ճանաչում կիրքը, խորհրդանշում է Արևը և ներշնչված է Զորոաստր մարգարեի կերպարից և ի հակադրություն «Գիշերվա Թագուհու», ներկայացնում է կարգն ու բարոյականությունը»,- նշել է Զոհրաբյանը:
Հարակից հրապարակումներ`
- Դուբայի օպերայի դահլիճում առաջին անգամ ներկայացվել է «Կարմեն» օպերան
- Հայաստանի օպերային թատրոնի շնորհիվ Դուբայի հանդիսատեսը կվայելի երբևէ գրված երկու հզոր օպերա. Ջասպեր Հոփե
- Օպերային թատրոնը հյուրախաղերով հանդես է գալու Դուբայում և Քուվեյթում