Ինչպե՞ս կարելի է նեղացնել ձեզ հետ ճամփա անցած թիմին. Արամ Սարգսյան
«Մենք ուզում ենք լույս լինել Հայաստանի քաղաքական դաշտի համար։ Այն տեսակետները, ինչ մենք այս օրերին հնչեցրեցինք, այդ լույսի ներքո էր, բարին, լավը կամենալու սրտացավությունից էր։ Հեչ պետք չէր, որ Հայաստանի վարչապետն անդրադառնար դրան ու փորձեր դրանում ինչ –որ բան տեսնել»,- Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների շրջանակում Էրեբունի վարչական շրջանում «Լույս» դաշինքի քարոզարշավի ժամանակ ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը։
Շարունակելով իր խոսքը՝ նա ասաց. «Հավատացնում եմ ձեզ, փոքր երեխաների լեզվով ասած ամպի չափ երևակայություն է պետք ունենալ, որ մտածեն, որ «Լույս» դաշինքը համագործակցում է նախկին ռեժիմի հետ նրանց հետ բերելու համար։ Էս չգիտեմ՝ որ ժանրից է, բայց էդ բանը մեզ կապելն ուղղակի անհեթեթ է։ Խնդիրը նրանում է, պարոն վարչապետ ջան, որ դուք տեսակետ եք ասում, որում մեղադրում եք բոլորին։ Եթե ձայն չես հանում, մեր ժողովուրդն այսպիսի ասացվածք ունի՝ «Լռությունը համաձայնության նշան է», ձայն ենք հանում, ասում ես՝ ինչի եք ձեր վրա վերցնում։ Հիմա ինչպե՞ս անենք։ Մենք էլ կարող ենք այդպիսի տեսակետներ ասել։ Խորապես համոզված եմ, խոսքս ուղղում եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ մեր ժողովուրդը շատ ավելի շատ սիրո ու հանդուրժողականության մթնոլորտ է ուզում, չի ուզում ինքն իր հետ կռվել, հոգնել է իր հետ կռվելուց։ Հերիք է ասֆալտին փռելուց, քշելուց, դիակներից ու ինչերից խոսենք։ Հերիք է, չկա էդ բանը։
Էս ընտրարշավում չկա որևէ ուժ, ում դեմ պայքարես։ Բոլոր ուժերն էլ պայքարել են նախկինի դեմ, էդ նախկինն էլ ՝ ՀՀԿ-ն, թեկնածու չի առաջադրել։ Ի՞նչ սև ու սպիտակի խնդիր է։ Էդ նույն ԲՀԿ-ն իր 31 պատգամավորով համապատասխան պահին կանգնեց ձեր կողքը, ՀՅԴ-ն իր 7 պատգամավորով համապատասխան պահին կանգնեց ձեր կողքը։ Մենք եկանք, քվեարկեցինք։ Բա էդ ասելու ձև է։ Ասում եք՝ երբ որ վարչապետ էի գալիս, ընդամենը 4 ձայնի ակնկալիք ունեի, այդ 4-ից մեկն էլ իմ սեփականն էր։ Ես կարծում եմ, որ հաստատ մտածել եք, որ այդ 4-ից մեկն էլ իմն է, չէ՞ պարոն վարչապետ։
Ինչպե՞ս կարելի է նեղացնել ձեզ հետ ճամփա անցած թիմին։ Հո խնդիրը մենակ նրանում չէ, որ ով ձեզ հետ քայլել է, նա էլ պետք է լինի։ Եթե ուզում եք միայն ձեզ հետ քայլածներով իշխանություն ստեղծել, իրանց տեսակետն եք հաշվի առնում, միայն իրենցով եք ուզում Հայաստանը կառուցել, ես ձեզ ասելու էլ բան չունեմ, էլ երբեք չեմ անդրադառնա։ Բայց դուք էլ այդ դեպքում մտածեք՝ ոնց եք անելու արտահերթ ընտրության գնալուց, որովհետև այն ուժերը, թվարկածս երկու ուժը, խմբակցության մնացած 4 անդամներն էլ կանգնած են եղել ձեր կողքին, հայտարարել են, որ արտահերթ ընտրությունների կողմնակից ենք։ Հիմա նայում եմ, այդ մարդիկ մտածում են՝ կողմնակից լինենք՝ ինչ անենք, բա ոնց եք այս խնդիրը լուծելու։ Բա այստեղ մտածելու բան չկա։ Քաղաքական դաշտի հետ պետք է իսկապես սիրո և հանդուրժողականության մթնոլորտում փորձել կոնսենսուսի գալ, լուծումներ գտնել, որովհետև նույն սահմանադրական հանրաքվեն էլ վերջիվերջո Ազգային ժողով է գալու, ու այդ մարդիկ, ովքեր ձեզ մեկ անգամ օգնել են, կարող է հիմա չօգնեն։ Այստեղ է սրտացավությունը։ Իհարկե, միանշանակ ուզում եմ արտահերթ խորհրդարանական ընտրություններ»։
Արամ Սարգսյանի խոսքով, Հայաստանը բազմաթիվ վտանգներ ունի, պետք է այդ ուղղությամբ մտածել, ելույթներ ունենալ, հայտարարություններ անել, այս երկիրը տնտեսական լուրջ խնդիրներ ունի, դրանց է պետք անդրադառնալ. «Թե չէ հայտարարում ենք՝ գյուղատնտեսությունը, նոր տեխնոլոգիաներն առաջնահերթ ճյուղեր։ Շատ հեշտ բան է, հայտարարում ենք ու ոչ մի բան չենք անում»։
«Եկեք գործ անենք, ու ոչ մի հակահեղափոխություն չի լինի, եկեք իրար հարգենք, ու ոչ մի հակահեղափոխություն չի լինի։ Եթե ասում եք, որ Հայկ Մարությանը 99 տոկոս հավաքի, թող հավաքի, թող ձեր սրտով լինի։ Բայց դրանով դուրս կգա, որ «Իմ քայլը» դաշինքը հենց հակահեղափոխական ուժ է, որ ինքը հաղթեց ինքն իրեն, որովհետև, պարոն վարչապետ, դուք ինքներդ բազմաթիվ անգամ հայտարարել եք, դեմ եք խոսել միակուսակցական համակարգին։
Տո որ ես հեղափոխական էի, հլը ո՜ւր, ովքեր ո՜ւր էին... Ինձնից ի՞նչ հակահեղափոխական, կամ այստեղ հավաքվածներից ինչ հակահեղափոխական»,- ասաց պատգամավորը։
Նա նշեց, որ Երևանը պետք է ունենա կառավարման փորձ, գիտելիք ունեցող քաղաքապետ․ «Ախր մարդը նախ պետք է գոնե մի քիչ թաղապետ աշխատած լինի, թաղապետի տեղակալ եղած լինի, գործադիր իշխանության մեջ որևէ բան արած լինի, հասկանա այդ մեխանիզմն ինչպես են վարում։ Հո այդպես չէ։ Մարդկային առումով բոլորն էլ շատ լավն են։ Բայց հո չի կարելի...»։
Հարակից հրապարակումներ`
- Սաղ մեր մարդիկ են, բոլոր թեկնածուների ցավն էլ տանեմ. Արամ Սարգսյան
- «Լույս» դաշինք-ՀՀԿ համագործակցության մասին
- Նայեք Արտակ Զեյնալյանին, միթե՞ այդ կարգի մարդը գալիս է պարտվելու կամ իր ձայնը որևէ մեկին տալու. Արամ Սարգսյան
- Երևանի քաղաքապետի ընտրությունները հեղափոխության և հակահեղափոխության ընտրություններ են. Նիկոլ Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին