Խուզարկություն՝ Yerevan.today-ում
Այս պահին խուզարկություն է իրականացվում Yerevan.today լրատվական կայքի գրասենյակում:
Կայքի խմբագիր Սևակ Հակոբյանն հեռախոսազանգերին չի պատասխանում։
Ոստիկանությունից Panorama.am-ին հայտնեցին, որ խուզարկությունն իրականացնում է ոստիկանությունը նախաքննություն իրականացնող մարմնի՝ Քննչական կոմիտեի հետ միասին։
«Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացվում են քննչական գործողություններ: Տեղեկացնեմ, որ խուզարկությունն անցկացվում է ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու՝ այն ձայնագրելու և տարածելու դեպքով հարուցված քրեական գործի շրջանակներում»,-Panorama.am-ին ասացին Քննչական կոմիտեից։
ՔԿ-ից նաև տեղեկացնում են, որ քննության շրջանակներում, օրենքով սահմանված կարգով, մի քանի հասցեներում կատարվում են խուզարկություններ։
«Քրեական գործով այլ մանրամասներ հրապարակման ենթակա չեն»,-ասացին ՔԿ-ից։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ին քննչական կոմիտեում ստացվել և վարույթ է ընդունվել ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու՝ այն ձայնագրելու և տարածելու դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի և 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով հարուցված քրեական գործը։
ՀՀ ՔԿ նախագահի կողմից նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀԿԳ քննության գլխավոր վարչությանը։ Ստեղծվել է քննչական խումբ, և օպերատիվ-հետախուզական մարմինների հետ համատեղ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ։
Հարակից հրապարակումներ`
- ՔԿ. Քննություն է տարվում` պարզելու ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցը ձայնագրելու և տարածելու դեպքի հանգամանքները
- ԱԱԾ պետ. Մանրակրկիտ քննությունը կպարզի, թե ով է կատարել գաղտնալսումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան