Փարիզը հացադուլ է անում Սենցովի հետ միասին
Փարիզում ՌԴ դեսպանության մոտ այսօր սկսվել է ակցիա՝ ի աջակցություն ուկրաինացի ռեժիսոր Օլեգ Սենցովի։ Անժամկետ հացադուլին մասնակցում են քաղաքական գործիչներ, քաղաքացիական ակտիվիստներ, արվեստի գործիչներ։ Եվրանյուզը գրում է, որ նրանք, ովքեր հացադուլ են հայտարարել, քնում են վրաններում, յուրաքանչյուր 24 ժամը մեկ փոխարինելու են միմյանց։ Առաջինը մեկօրյա հացադուլ էր հայտարարել ռեժիսոր Լորան Կանտեն՝ Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու» մրցանակակիրը։
Ակցիայի նախաձեռնողն է արդարադության նախկին նախարար Քրիստին Տոբիրան, ռեժիսոր Քրիստոֆ Ռուժիանը և «Նոր այլախոհներ» շարժման հիմնադիր Միշել Ելչանինովը։ Ֆեյսբուքյան իր էջում նա կոչ էր արել բոլորին աջակվել Սենցովին և թույլ չտալ ռեժիսորի մահը։
Ավելի վաղ Ֆրանսիայի մայրաքաղաքի քաղաքապետ Անն Իդալգոն առաջարկել էր Սենեցովին շնորհել քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում: Փարիզի իշխանությունները բազմաթիվ անգամ կոչ են արել ազատ արձակել ռեժիսորին։
Ուկրաինացի կինոռեժիսոր, սցենարիստ, գրող 42-ամյա Օլեգ Սենցովը ձերբակալվել է 2014 թվականի Ղրիմում։ Ռուսաստանում նա 2015 թվականին դատապարտվել է 20 տարվա ազատազրկման Ղրիմում ահաբեկչության կասկածանքով։ 2018 թվականի մայիսի 14-ին Օլեգ Սենցովը սկսել է հացադուլ` պահանջելով ազատել ռուսական բանտերում գտնվող բոլոր ուկրաինացիներին։ Սենցովի ներման խնդրագիրը, որն ուղարկվել է նրա մոր կողմից, չի ընդունվել ու չի քննարկվել, քանի որ ռուսական օրենքներով այդ փաստաթուղթը պետք է հենց ազատազրկված անձն ուղարկի։
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինացի ռեժիսոր Սենցովն առաջադրվել է Սախարովի անվան մրցանակի
- Վենետիկի կինոփառատոնի ժյուրին անհանգստություն է հայտնել ռեժիսոր Օլեգ Սենցովի ճակատագրի վերաբերյալ
- Գրող Սթիվեն Քինգը միացել է ուկրաինացի ռեժիսոր Օլեգ Սենցովի աջակիցներին
- Մոսկվայում դատարանը երկարաձգել է ուկրաինացի ռեժիսոր Սենցովի կալանքի ժամկետը