Ընտրակաշառքներ են բաժանվում, դիմել ենք իրավապահնեերին. Լենա Նազարյան
Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ լրագրողները «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանից հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս է վերաբերում Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի հայտարարությանը, որով վերջինս պնդում է, որ չի պատրաստվում իրեն և իր ընտանիքին պատկանող գումարները վերադարձնել պետբյուջե։
«Ապօրինի հարստացման հարցով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները և կառավարության անդամները՝ հետամուտ լինելով այդ հարցին։ Ես այդ հարցով չեմ զբաղվելու»,- նշեց խորհրդարանականը։
Լրագրողները նաև Լենա Նազարյանից հարցրեցին՝ ՔՊ քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանն իսկապե՞ս վախենում է միայնակ, առանց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայության այլ թեկնածուների հետ քաղաքական բանավեճերից։
Պատգամավորի խոսքով, թեև ինքը կողմ է եղել, որ թեկնածուները բանավեճերի մասնակցեն, սակայն այդ հարցն անձամբ քաղաքապետի թեկնածուն է որոշում։ «Չեմ կարծում, որ խուսափում է։ Այս և առաջիկա օրերին Հայկ Մարությանը լինում է վարչական շրջաններում՝ հանդիպումներ ունենալով քաղաքացիների հետ։ Հավանաբար, այդ շփումը նա ավելի կարևոր է համարում։ Այնուամենայնիվ, կարծում եմ՝ լավ կլինի, որ թեկնածուները մասնակցեն քաղաքական բանավեճերին»,- նշեց պատգամավորը։
Հարցին՝ արդյոք նոր իշխանության գործելաոճը, այդ թվում՝ ոչ այնքան հարթ հարաբերությունները ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի հետ, կամ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ իրավիճակը լարողները կլարվեն Հայաստանից, չի՞ վկայում, որ Հայաստանում վհուկների որս է իրականացվում, Լենա Նազարյանը նշեց, որ վերանշյալ երկու ուժերի հետ կառավարությունում համագործակցությունը պարտադրված է, ոչ թե իրենց ընտրությունը։
«Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի՝ հանրահավաքների ժամանակ ասած խոսքերին, ապա ես չէի ուզի դրանք մեկնաբանել»,- նշեց քաղաքական գործիչը։
Լենա Նազարյանը տեղեկացրեց նաև, որ իրենց ունեցած տեղեկություններով, արդեն իսկ ընտրակաշառքներ են բաժանվում, և իրավապահները պետք է զբաղվեն այս հարցով։ «Այո, մենք դիմել ենք իրավապահներին, փոխանցել ենք տեղեկություններ, որովհետև քաղաքացիներն այդ մասին մեզ տեղեկություններ են հայտնում։ Ըստ էության, կոշտ արտահայտություններն ուղղված են այն ուժերին, որոնք գործում են հեղափոխության արժեքների և օրինականության դեմ։
Մենք խոստացել ենք ազատ և արդար ընտրություններ, և եթե կլինեն ընտրակաշառքի բաժանման կազմակերպիչներ, ապա նրանք կվտանգեն ընտրությունների օրինականությունը և պետք է համապատասխան վերաբերմունքի արժանանան։ Չեմ կարող ասել՝ ընտրակաշառքները զանգվածային բնույթ են կրում, թե ոչ, բայց այսօր առավոտյան առանձին դեպքի մասին մեր տեղեկությունները հայտնել ենք իրավապահներին»,- ասաց պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- Ես 11 թեկնածուներից ոչ մեկի հետ առանձին բանավեճի չեմ գնալու. Հայկ Մարության
- Ալեքսանդր Սարգսյան. Կոչ եմ անում անհապաղ վերադարձնել ինձ և իմ ընտանիքին պատկանող գույքն ու դրամական միջոցները
- «Հայ ժողովուրդն իր վիրավոր զինվորներին գնահատում է այնպես, ինչպես որևէ ուժի կամ կառույցի չի գնահատում»
- Միլիոններ՝ քաղաքապետի համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան