Արփինե Հովհաննիսյանը հայկական սահմանների գնդակոծության վերաբերյալ տեղեկատվություն է փոխանցել ԵԽԽՎ-ին
«Երեկ ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի նիստում տեղեկացրել եմ Ադրբեջանի կողմից Կոթի գյուղի վրա կրակ բացելու, դրա հետևանքով ՀՀ քաղաքացի Սուրեն Սեփխանյանի վիրավորվելու, ինչպես նաև Ադրբերջանի կողմից քաղաքացիական այլ բնակավայրերի գնդակոծման վերաբերյալ։ Օգտվելով Հայաստանի վերջին ներքաղաքական իրադարձություններից՝ ադրբեջանական իշխանությունները փորձում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավոր անհաջողությունները բարդել հայկական կողմի վրա։ Բազմիցս ասել եմ և չեմ խորշի ևս մեկ անգամ կրկնել՝ արցախյան հարցում մենք ավելի քան միասնական ենք»,-ֆեյսբուքի իր էջում գրել է ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը։
Արփինե Հովհաննիսյանը նաև հայտնել է, որ, օրակարգին համապատասխան, հանձնաժողովի խնդրանքով ներկայացրել է Հայաստանի վերջին ներքաղաքական զարգացումները։
«Հաշվի առնելով հանձնաժողովի գործունեության գաղտնապահական կարգը՝ կայացված որոշումների, հանձնաժողովի դիրքորոշման մասին կտեղեկացնեմ, երբ դրանք կգաղտնազերծվեն»,-գրել է Արփինե Հովհաննիսյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան