Հայաստանի պետական կամերային նվագախումբի առաջիկա համերգի տոմսերը գրեթե սպառված են
Հայաստանի պետական կամերային նվագախումբն ինքնատիպ համերգով տալիս է 2018/19 համերգաշրջանի մեկնարկը: Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը սեպտեմբերի 19-ին տեղի կունենա նվագախմբի համերգը, որը նվիրված է ՀՀ անկախության 27-ամյակին: Կամերային երաժշտության ազգային կենտրոնի հայտնում են, որ այդ օրը կոլեկտիվի հետ որպես մենակատար ելույթ կունենա միջազգային մրցույթների դափնեկիր, «Գինեսի» ռեկորդակիր Նիկոլայ Մադոյանը (ջութակ): Կամերային նվագախումբը կղեկավարի դիրիժոր Կարեն Դուրգարյանը:
«Ինձ համար մեծ պատիվ է ելույթ ունենալ աշխարհում ճանաչում ունեցող Հայաստանի պետական կամերային նվագախմբի և, իհարկե, ճանաչված անուն Նիկոլայ Մադոյանի հետ: Շատ պրոֆեսիոնալ նվագախումբ է, շատ լավ արդյունքներ ենք ունենալու: Առավել քան վստահ եմ»,- լրագրողների հետ հանդիպմանը նշել է Կարեն Դուրգարյանը: Դիրիժորն ասել է, որ տպավորված է վերջին օրերի համերգային փորձերով, որոնք իրեն մեծ երջանկություն են պատճառել:
Ջութակահար Նիկոլայ Մադոյանն ընդգծել է, որ նույնպես ուրախ է հանդես գալ կոլեկտիվի և Դուրգարյանի հետ, նշել, որ հասցրել է բազմիցս համագործակցել Կամերայինի և դիրիժորի հետ, հիացած է նվագախմբի պրոֆեսիոնալիզմով:
Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նորայր Նազարյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ նվագախմբի համերգաշրջանի բացման համերգի տոմսերը գրեթե սպառված են:
«Կամերային նվագախմբի հաջորդ համերգը կայանալու է հոկտեմբերի 4-ին: Այն նվիրված է Ֆրանկոֆոնիային, հանդես է գալու նաև Կամերային երգչախումբը: Որպես դիրիժոր հանդես կգան Ռոբերտ Մլքեյանը: Կամերային նվագախումբը հոկտեմբերին, ընդհանուր առմամբ, հանդես կգա հինգ համերգով: Նվագախումբը գերծանրաբեռնված է լինելու, բոլոր համերգները մեկը մյուսից լավը կլինեն»,-հավելեց Նորայր Նազարյանը:
Նշենք, որ սեպտեմբերի 19-ի կհնչեն նաև Վիվալդիի «Տարվա եղանակները», Սարյանի «Գառնին», Հարությունյանի «Սինֆոնիետան», Ալթունյանի «Քոչարին» ու «Բերդ պարը»:
Հարակից հրապարակումներ`
- Ուրախ եմ կրկին ելույթ ունենալ պրոֆեսիոնալ կոլեկտիվի հետ. Նիկոլայ Մադոյան
- Գինեսի ռեկորդակիր Նիկոլայ Մադոյանը ելույթ կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան