ՃՈ պաշտոնյա. Սեպտեմբերի 21-ին զերծ մնացեք մեքենաներով փոքր կենտրոնում երթևեկելուց
Սեպտեմբերի 21-ին ժամը 10։00-ից սկսած Հանրապետության հրապարակ մուտք գործող բոլոր փողոցները փակ են լինելու։ Հանրապետության հրապարակում հրավիրած ասուլիսում հայտարարեց Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Նորիկ Սարգսյանը։
«Ամիրյան փողոցը փակ է լինելու Մաշտոցի պողոտայից սկսած, Աբովյան փողոցը՝ Աբովյան-Սայաթ-Նովա խաչմերուկից, Նալբանդյան փողոցը՝ Սախարովի անվան հրապարակից, Տիգրան Մեծ պողոտան՝ Տիգրան Մեծ-Խանջյան խաչմերուկից սկսած։ Ամբողջությամբ փակ են լինելու Վազգեն Սարգսյան, Զաքյան, Գրիգոր Լուսավորիչ փողոցները»,-մանրամասնեց Ն. Սարգսյանը։
Նրա խոսքով, ավելի հստակ տեղեկատվություն կհրապարակի ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը, իսկ մինչ այդ կոչ արեց նշված հատվածներից սեպտեմբերի 21-ի նախորդ օրը տեղափոխել, դուրս հանել կայանած տրանսպորտային միջոցները։
«Եվս մեկ անգամ կոչ եմ անում սեպտեմբերի 21-ին հնարավորինս զերծ մնալ տրանսպորտային միջոցներով Երևանի փոքր կենտրոնում երթևեկելուց»,-նշեց ՃՈ պաշտոնյա։