Սեպտեմբերի 21. «Այս անգամ արտոնյալ երգիչներ չեն լինի»
Անկախության տոնին՝ սեպտեմբերի 21-ին միջոցառումների կիզակետը լինելու է Հանրապետության հրապարակը։ Հենց այնտեղ այսօր հրավիրած ասուլիսում վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը, Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Նորիկ Սարգսյանը և պրոդյուսեր Ալեքսանդր Մհերյանը ներկայացրեցին նախատեսվող միջոցառումները։
«Հրապարակում կայանալիք միջոցառումն իր տրամաբանությամբ լինելու է տարբերվող ու աննախադեպ իր սփռվածությամբ ու ապակենտրոնացվածությամբ»,-լրագրողներին ասաց Էդուարդ Աղաջանյանը։
Հրապարակ տանող բոլոր բոլոր փողոցները փակ են լինելու երթևեկության համար, միջոցառումներն անցկացվելու են «Դու անկախ ես» կարգախոսով։
«Սա շատ հստակ ուղերձ է՝ հաշվի առնելով թավշյա հեղափոխության ուղերձը, յուրաքանչյուր քաղաքացի թիրախավորվում է։ «Դու անկախ ես» կարգախոսն ավելի քան համապատասխանում է օրվա խորհրդին։ Դրանով ուզում ենք ընդգծել այն պատասխանատվությունը, որը պետք է կրի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի»,-նշեց Էդուարդ Աղաջանյանը։
Ըստ բանախոսի, միջոցառումները լինելու են ներառական բոլոր իմաստներով՝ հնչելու է տարբեր ոճերի երաժշտություն, ներկայացվելու են մշակույթի բոլոր շերտերը։
«Այս անգամ արտոնյալ երգիչներ չեն լինի, մոտեցումը բոլորովին այլ է, ու կտեսնեք բոլորովին նոր, երիտասարդ դեմքեր, ովքեր անմիջական ֆորմատի մեջ ելույթ կունենա ՀՀ քաղաքացիների համար։ Սեպտեմբերի 21-ին նախատեսվում է նաև ընդունելություն, այս անգամ այն տեղի կունենա Բաղրամյան 26 հասցեում գտնվող կառավարական շենքում։ Այնտեղ ևս ձեզ սպասվում է հաճելի անակնկալ»,-մանրամասնեց նա։
Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն ավելացրեց, որ հիմնական միջոցառումները լինելու են Երևանի փոքր կենտրոնում, բայց մասնակիցներ ու խմբեր լինելու են մարզերից, Արցախից։
«Վստահ եմ, որ հենց այսօրվանից պետք է խանդավառված ու տոնական տրամադրությամբ վարակված լինեն։ Նախատեսված է «սելֆի ժամ» Հանրապետության հրապարակում, որտեղ քաղաքացիները կարող են լուսանկարվել տարբեր ոլորտներում հայտնի գործիչների հետ, ուզում եմ բոլորին՝ արվեստի, մշակույթի ու այլ գործիչներին սեպտեմբերի 21-ին ժամը 14-ին հրավիրել հրապարակ»,-ասաց նախարարը։
Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանն ասաց՝ Երևանը տոնական զարդարանք է ստանալու, միջոցառոմների մեկնարկը կտրվի կավճանկարությամբ, որին մասնակցելու են մոտ 2 հազար աշակերտներ, հետո կլինի գեղանկարների ցուցահանդես, հրապարակում տեղադրված կլինի երկու բեմ, մանկական քաղաք՝ շատրվանների դիմացի մայթին։