Հայաստանում 25 500 դրամից ցածր թոշակ չի լինելու
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը, որի համաձայն՝ առաջարկվում է 2019 թ-ի հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափը սահմանել 25 500 դրամ:
Նախագծի նպատակը կենսաթոշակառուների շրջանում ծայրահեղ աղքատությունը հաղթահարելն է։
Նշենք, որ գործող օրենսդրությամբ Հայաստանում բազային թոշակը կազմում է 16 հազար դրամ: Հետո դրան գումարվում են ստաժի համար ավելացումները՝ 800-ական դրամ առաջին 10 տարվա համար ու 500` մնացածի։
ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ այժմ կառավարությունը ներդնում է նվազագույն կենսաթոշակի գաղափարը, ինչը նշանակում է, որ 25 500 դրամից ցածր թոշակ Հայաստանում չի լինելու: «Այսինքն՝ ամենացածր թոշակը Հայաստանում կազմելու է 25,5 հազար դրամ»,- ասաց նա:
Մեսրոպ Առաքելյանը հայտնեց, որ աղքատության պարենային գծի ցածր թոշակ ստացողների թիվը հանրապետությունում կազմում է մոտ 80 հազար, որից շուրջ 40 հազարը՝ 16 հազար թոշակ ստացողներն են: Այսինքն, այս 60 տոկոս բարձրացումն էականորեն ազդելու է նվազագույն թոշակ ստացողների վրա:
Վարչապետի խորհրդականը նաև հայտնեց, որ նվազագույն կենսաթոշակի ավելացումը պետական բյուջեի համար կարժենա լրացուցիչ 6,8 միլիարդ դրամ:
Մեսրոպ Առաքելյանն ասաց, որ կառավարության առաջնահերթություններից է կենսաթոշակների բարձրացումը, սակայն այս պահին որդեգրում են ավելի թիրախավորված և արդյունավետ քաղաքականություն, ուստի փորձում են առաջին հերթին ավելացնել նվազագույն կենսաթոշակը:
Հարցին՝ երբ Հայաստանում նվազագույն կենսաթոշակը մի օր հավասար կլինի նվազագույն սպառողական զամբյուղի չափին, Մեսրոպ Առաքելյանը նշեց՝ հաշվի առնելով այն, որ կառավարության թիրախը աղքատության հաղթահարումն է, կառավարությունը ամեն տարի բյուջետային եկամուտների և ծախսերի քննարկման ժամանակ նոր փոփոխություններ կբերի:
2019 թվականի հունիսի 1-ի դրությամբ կենսաթոշակառուների թիվը կանխատեսվում է 497 394, որից. աշխատանքային կենսաթոշակառուներ՝ 463 069 անձ, զինվորական կենսաթոշակառուներ (ուժային մարմիններից կենսաթոշակ ստացող)՝ 32 420 անձ, զինվորական կենսաթոշակառուներ (Ծառայությունից կենսաթոշակ ստացող)՝ 1905 անձ։
Համաձայն 2017 թվականի դեկտեմբերին լույս տեսած «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը, 2017» հրապարակման պարենային (ծայրահեղ) աղքատության գիծը 2016 թվականին կազմել է 23313 դրամ:
Յուրաքանչյուր տարի կիրառելով 3 տոկոս գնաճ` պարենային (ծայրահեղ) աղքատության գիծը 2019 թվականին կանխատեսվում է 25500 դրամ։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան