Հայկական պլանշետների արտադրությունն աճել է 6.6 անգամ
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանում 2018 թվականի հունվար-հուլիսին արտադրվել է 724 հատ համակարգիչ, ինչը 2017 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2.2 անգամ:
2017թ-ի հունվար-հուլիսին հանրապետությունում արտադրվել է 322 համակարգիչ:
Ըստ վիճակագրության՝ Հայաստանում այս տարվա յոթ ամիսներին արտադրվել է 364 հատ պլանշետ՝ 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 6.6 անգամ:
Ինչ վերաբերում է հեռախոսներին, ապա, ըստ վիճակագրության, այս տարի հայկական հեռախոսներ չեն արտադրվել, իսկ 2017թ-ի հունվար-հուլիսին Հայաստանում արտադրվել է 330 բջջային հեռախոս:
Նշենք, որ հայկական հեռախոսների՝ «Արմֆոն»-ի (Armphone) վաճառքը սկսվել է 2016թ-ի հունիսից:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության հուլիսի 4-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել բոլոր քաղաքացիներին գնումներ անելիս նախապատվություն տալ հայկական արտադրությանը:
«Դա և՛ հաճելի է, և՛ շահավետ, և՛ մեծացնում է տեղական արտադրության ու արտադրողների հնարավորությունները»,- ասել էր վարչապետը: