Հայաստանում կանցկացվի «Էներգետիկայի շաբաթ 2018» խորագրով ներդրումային համաժողովը
Նոյեմբերի 14-16-ին Երևանում կանցկացվի «Էներգետիկայի շաբաթ 2018» ներդրումային համաժողովը:
Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության փոխանցմամբ, համաժողովը տեղի կունենա ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո. կներկայացվեն երկրի էներգետիկ ոլորտի հեռանկարները, ինչպես նաև հնարավորություն կընձեռվի բացահայտելու միջազգային համագործակցության ներուժը: Այն կծառայի որպես հարթակ քննարկելու համար նոր հնարավորությունները, ինչպես նաև Հայաստանի էներգետիկ ոլորտի առջև ծառացած մարտահրավերները:
Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ռեսուրսների զարգացումն ունի մեծ կարևորություն երկրի էներգետիկ անվտանգությունը բարձրացնելու առումով: Միևնույն ժամանակ երկրում կա արևային, հիդրո, քամու և երկրաջերմային աղբյուրների հսկայական չօգտագործված ներուժ:
Համաժողովին կմասնակցեն ներդրողներ Միացյալ Թագավորությունից, Գերմանիայից, Շվեյցարիայից, Իտալիայից, Իսպանիայից, Ավստրիայից, ԱՄՆ-ից, ԱՄԷ-ից՝ տեղում ծանոթանալու ոլորտի ներդրումային հնարավորություններին:
«Էներգետիկայի շաբաթ 2018» ներդրումային համաժողովը կազմակերպվում է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի (R2E2) ու բրիտանական «Ինվեստ Ին Նեթվորք Լիմիթիդ» ընկերության (Invest In Network Limited) կողմից ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության պաշտոնական աջակցությամբ: