Բակո Սահակյանն ու Նիլոլ Փաշինյանը այցելել են հյուսիսային սահմանագիծ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ այցելել է հանրապետության հյուսիսային սահմանագծի մի շարք հատվածներ, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին և տիրող իրավիճակին:
ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին ուղեկցում էին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք:
ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին ներկայացվել են ինժեներական և ամրաշինական ենթակառուցվածքները, հուսալի պաշտպանություն իրականացնելու նոր տեխնոլոգիաները, նոր սպառազինությունը, դիրքերում անձնակազմի անվտանգության բարձրացմանն ուղղված աշխատանքները, տեխնիկական հագեցվածությունը: Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանն ուսումնական կետում հետևել են նաև ըստ պայմանական սցենարի ցուցադրական հատուկ մարտավարական պարապմունքների ընթացքին:
Կառավարության ղեկավարը զրուցել է մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների և հրամանատարների հետ, շնորհակալություն հայտնել նրանց անձնվեր ծառայության համար և մաղթել առողջություն ու խաղաղ ծառայություն:
«Մարտական դիրքեր այցելելու առաջին նպատակն է տեղում իրավիճակին, զինվորների ծառայության պայմաններին ծանոթանալը, օպերատիվ իրավիճակի մասին պատկերացում կազմելը: Ամեն ինչ կարգին է, ըստ էության կարող ենք վստահաբար ասել, որ և՛ Հայաստանի զինված ուժերի, և՛ պաշտպանության բանակի կողմից իրավիճակը լիովին վերահսկվում է: Հոգով, սրտով մշտապես զինծառայողների հետ ենք, այնպես որ պետք է դուխով լինենք, մեր զույգ պետությունների և մեր միասնական ժողովրդի առջև ծառացած խնդիրները լուծենք»,- նշել է վարչապետ Փաշինյանը:
ՀՀ վարչապետը ժամանել է Երևան:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան