Բերդում խաղողի առատ բերք են ակնկալում
«Իջևանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ում արդեն երրորդ օրն է, ինչ մեկնարկել են խաղողի մթերման աշխատանքները: Ընկերություն այցելած նախարար Արթուր Խաչատրյանին, մարզպետ Վահե Ղալումյանին ընկերության տնօրեն Արտակ Պարոնյանը տեղեկացրել է, որ Իջևանի մթերման կետում նախորդ տարի մթերվել է 700 տոննա խաղող, այս տարի գործարանը պատրաստ է մթերել անսահմանափակ քանակություն: Մթերման գինը տատանվում է 140-190 դրամի սահմաններում, գումարը վճարվում է տեղում` առանց ուշացման: Պատասխանատուները վստահեցրել են, որ Տավուշի մարզում պատրաստ են մինչև 1000 տոննա մթերում իրականացնել, հանրապետությունում` մինչև 5000 տոննա։
ԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, այնուհետև նախարարը մարզպետարանում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են մարզպետարանի, Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի անասնաբուժական տեսչության մարզային պատասխանատուներ։
Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը նշել է, որ գյուղացիները գոհ են մթերման գործընթացից, սակայն երբեմն որոշակի մտահոգություն են հայտնում բուժանյութերի որակի վերաբերյալ:
«Ընդհանուր առմամբ, խաղողի բերքը Բերդի տարածաշրջանում անցած տարի մոտ 3500 տոննա է եղել, այս տարի 5000-ից ավելի ենք սպասում: Մթերմանն գինն էլ, նախորդ տարվա համեմատ, մի փոքր ավելացել է», - հավելել է մարզպետը:
Այցի ընթացքում Արթուր Խաչատրյանը եղել է նաև Կոթի բնակավայրում, որը մարզի նախարարության հիմնական շահառու համայնքներից է. շուրջ 450 000 տոննա ցորեն են արտադրում։
Գյուղացիները ոգևորված են աշնանացանի համար պետական փոխհատուցում տրամադրելու մասին կառավարության որոշմամբ, սակայն հողի սեփականության խնդիրներ ունեն, սեփականատերերից շատերը հանրապետությունում չեն և հողերի օգտագործման իրավունքն առանց փաստաթղթային ձևակերպման տվել են իրենց ազգականներին: Նախարարը լուծման տարբերակներ է առաջարկել։
Կոթիի վարչական ղեկավար Ֆելիքս Մելիքյանը նշում է, որ, չնայած վտանգներին, գյուղացիներն ամեն ինչ անում են, որպեսզի գյուղատնտեսական աշխատանքները չտուժեն, և նման աջակցության լիարժեք կիրառման դեպքում պատրաստակամ են ընդլայնել մշակվող հողատարածքները։
Նախարար Խաչատրյանն այցելել է նաև սահմանամերձ մեկ այլ բնակավայր՝ Բաղանիս: Բաղանիսցիները նշել են, որ որևէ խնդիր չունեն՝ արդյունավետ գնահատելով գյուղատնտեսական տարին:
Բաղանիսի վարչական ղեկավար Նարեկ Սահակյանի խոսքով՝ այս տարի մեկ հեկտարից ստացել են մոտ 3 տոննա ցորեն, ինչը, նախորդ տարվա համեմատ, բարձր ցուցանիշ է: Ինչպես Կոթիում, Բաղանիսում էլ ոգևորված են աշնանացանի համար պետական փոխհատուցում տրամադրելու մասին կառավարության որոշումից և նախատեսել են ավելացնել ցանքատարածությունները:
Հիշեցնենք, որ կառավարության նախորդ նիստում ընդունված որոշմանը համաձայն, սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ 37 բնակավայրերի հողօգտագործողներին փաստացի կատարված աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունների համար պետական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ։
Տավուշի մարզից ցանկում ընդգրկված է 27 համայնք, որտեղ գյուղատնտեսությամբ զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականության կամ համայնքային հողերի վարձակալության իրավունքը հաստատող փաստաթղթի հիման վրա յուրաքանչյուր հեկտարի հաշվով 60 000 ՀՀ դրամ կտրամադրվի մինչև 7 հեկտար աշնանացանի համար։
Հարակից հրապարակումներ`
- Այգեգործից մինչև պահածոյագործ. 200 դիմում՝ Տավուշում 120 թափուր աշխատատեղի համար
- Սահմանամերձ Բաղանիստում հարաբերական անդորր է. գյուղացին սկսել է ցորենի բերքահավաքը. համայնքապետ