Քարոզարշավի ընթացքում Երևանի խնդիրները դարձել են մանրադրամ. ՀՅԴ ավագանու թեկնածու
«Քարոզարշավը սկսվեց շատ նորմալ ընթացքով: Մենք, հույս ունեինք, որ այն պետք է անցնի ազատ, անկախ, առանց ընտրակաշառքի և առանց վարչական լծակների ներազդման, սակայն քարոզարշավը վերածվում է քաղաքական լուրջ պայքարի: Երևանի խնդիրները դարձել են մանրադրամ»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ ցուցակում ընդգրկված Դավիթ Հակոբյանը:
«Երևանն անընդմեջ խնդիրներ և այդ խնդիրների լուծումներ պետք է ունենա: ՀՅԴ-ն իր թիմով ի վիճակի է Երևանն էլ ավելի ճիշտ և թափանցիկ կառավարել, ծախսերն ուղղորդել ճիշտ հունով՝ լուծելով վերելակների, տանիքների, ոռոգման և մյուս խնդիրները: Բայց աստղաբաշխական գումարների խոստումներ չենք կարող տալ, որովհետև այդ ֆինանսները չկան»,- ասաց նա:
Դավիթ Հակոբյանը նաև նշեց, որ շատերը մտածում են մանկապարտեզների բայց ոչ՝ ծերերի օթևանների մասին, ինչը, նրա խոսքով, ևս խնդիր է:
Անդրադառնալով «հասարակությանը սևերի և սպիտակների բաժանելու, որոշ անձանց «ասֆալտին փռելու» պրակտիկային»՝ Դավիթ Հակոբյանը հասարակության բևեռացումն անթույլատրելի համարեց՝ շեշտելով, որ ընտրությունների ավարտից հետո մայրաքաղաքը շարունակելու է ապրել իր կյանքով, ընտրություններին մասնակից ուժերի ներկայացուցիչները շարունակելու են բարևել միմյանց:
«Ես ուզում եմ, որ մենք վազն անցնենք այդ ամենից: Հայաստանում չպետք է թշնամանք սերմանել»,- ասաց նա:
Դաշնակցական գործիչն ընդգծեց, որ հանրային գերակա շահի անվան տակ մայրաքաղաքի կենտրոնում սեփականության ապօրինի վերաբաշխումներ են եղել: Ըստ նրա՝ պետք է որոշում ընդունել, որպեսզի Երևանի կենտրոնում այլևս շինարարություն չծավալվի, բարձրահարկեր չկառուցվեն:
Ինչ վերաբերում է մրցակիցներին և ընտրություններում հաղթանակ տանելու հավանականությանը ՝ բանախոսը նշեց, որ իրենց հնարավորությունները բարձր է գնահատում, քանի որ «իրենք ունակ են բալանսավորելու սևն ու սպիտակը»:
ՀՅԴ ավագանու թեկնածու, իրավաբան Լուսինե Քարամյանը (ով մայրական կողմով Ալեքսանդր Թամանյանի ծոռնուհին է) իր հերթին նկատեց՝ շատ կարևոր է, որ Երևանը համաչափ զարգանա: «Եթե ծնվել ես Կենտրոնում, մեծ հնարավորություններ ունես՝ կազմակերպելու քո առօրյան, իսկ ահա ծայրամասերում անգամ սրճարաններ և ժամանցային վայրեր չկան»,- ասաց նա:
Միաժամանակ շեշտեց, որ մայրաքաղաքում թամանյանական նախագծից շեղումներն ահռելի են, և Երևանի ավագանին պետք է գտնի օպտիմալ տարբերակ՝ ոչ միայն խուսափելու շեղումներից, այլև եղած շեղումները շտկելու:
Հարակից հրապարակումներ`
- «ՀՅԴ-ն որևէ քաղաքական ուժի կամ գործչի հետ պայմանավորվածություն չունի». հայտարարություն
- «Միքայել Մանուկյանին զրպարտում են». ՀՅԴ
- Երևանցին ՀՅԴ-ին ձայն կտա. Վահագն Մատինյան
- «Ժամանակ». ՀՅԴ համամասնական ցուցակը կգլխավորի Միքայել Մանուկյանը ով մեղադրվել է Համբարձում Գալստյանի սպանության համար