Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին
Սեպտեմբերի 19-ին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին: Այս մասին հայտնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից։
Ողջունելով հյուրին՝ նախարար Մնացականյանը նշել է, որ Հայաստանը և Եվրոպայի խորհուրդը միավորում են ընդհանուր՝ համամարդկային արժեքները, և հավելել, որ հանձնակատարի գրասենյակի հետ համագործակցությունը Հայաստանի համար կարևոր առաջնահերթություն է:
Զրուցակիցներն արժևորել են ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի կարգավիճակում Դունյա Միյատովիչի առաջին այցը Հայաստան՝ ընդգծելով, որ այն լավ հնարավորություն է ընձեռում տեղում ծանոթանալու մարդու իրավունքների ոլորտում առկա իրադրությանը և ուրվագծելու համագործակցության հետագա ուղիները: Այս գործընթացում երկուստեք բարձր է գնահատվել Հայաստանի ակտիվ և կենսունակ քաղաքացիական հասարակության դերը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցների ուշադրության կենտրոնում են եղել ՀՀ օրենսդրական բարեփոխումներին, մարդու իրավունքների մշտադիտարկմանն առնչվող հարցերը, ինչպես նաև Հայաստան-Եվրախորհուրդ համագործակցության խորացման հեռանկարները:
Հատուկ անդրադարձ է կատարվել կանանց և երեխաների, սոցիալապես խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությանը:
Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ կանանց մասնակցությունը երկրի հասարակական կյանքում բավական տեսանելի և նշանակալի է: Նախարարը հավելել է նաև, որ Հայաստանը գրեթե ավարտին է հասցրել Խաղաղության և հակամարտությունների կարգավորման գործընթացներում կանանց դերակատարման վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1325 բանաձևի իրականացման նպատակով հասարակական լայն քննարկումների միջոցով գործողությունների ազգային ծրագիր մշակելու գործընթացը:
Նախարար Մնացականյանը հանձնակատար Միյատովիչին ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում հայկական կողմի առաջնահերթությունները՝ ընդգծելով, որ հիմնախնդրի կարգավորման գլխավոր շահառուն մարդիկ են, ովքեր ունեն անվտանգ ապագայում խաղաղ ապրելու հստակ նպատակ և իրենց ամենօրյա գործունեությամբ հնարավորինս նպաստում են այդ նպատակի կյանքի կոչմանը:
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը շեշտել է, որ Արցախն ինքնակամ միացել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հիմնարար փաստաթղթերին, վավերացրել և հաջողությամբ իրականացնում է դրանք: Նա հավելել է, որ Հայաստանի համար մարդու իրավունքները շարունակում են մնալ համընդհանուր արժեքներ, և դրանց պաշտպանության նպատակով համագործակցությունը ևս պետք է համընդհանուր լինի՝ առանց որևէ բացառության: