Մենք աշխատել ենք մեր քաղաքացիների հետ, քաջ ծանոթ ենք իրենց խնդիրներին. Զարուհի Փոստանջյան
«Մենք քաղաքացիներին ներկայացրել ենք մեր ծրագիրը։ Երևանցիները տեղյակ են մեր աշխատանքից։ Շուրջ մեկ տարի լինելով քաղաքապետարանում՝ մենք աշխատել ենք մեր քաղաքացիների հետ, քաջ ծանոթ ենք իրենց խնդիրներին»,- այսօր Կենտրոն վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի ընթացքում ասաց «Երկիր Ծիրանի» կուսակացության քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը։
«Բացի այդ՝ շուրջ 10 տարի ես, որպես քաղաքական գործիչ, իրենց հետ շփումներ եմ ունեցել, խնդիրների լուծումներ եմ փնտրել, այնպես որ քաղաքացիները շատ լավ գիտեն՝ ում հետ գործ ունեն, ում պետք է վարձեն իրենց համար որպես ծառայության մեջ գտնվող անձի, ով պետք է իրենց համար ծրագիր իրականացնի»,- ասաց քաղաքապետի թեկնածուն։
Հարցին՝ նախընտրական ծրագրի կետերից ո՞րն է առաջնահերթ համարում, Զարուհի Փոստանջյանը շեշտեց՝ բոլորը։ Նրա խոսքով, բոլոր 19 կետերը պահանջում են ամենօրյա աշխատանք, որոշները՝ երկարաժամկետ։
Հարցին՝ հետևե՞լ է քաղաքապետի մյուս թեկնածուների քարոզարշավներին, Զարուհի Փոստանջյանը նշեց, որ զբաղվածության պատճառով չի հասցրել։
«Բայց կարող եմ ասել, որ բոլորն են ցավում Երևանի համար։ Չեմ կարծում, որ որևէ մեկը սրտացավ չլինի, որովհետև Երևանի կեղտոտ օդը շնչում են բոլորը։ Աղտոտված օդը չի հարցնում ոչ կուսակցություն, ոչ աղքատ, ոչ հարուստ, ոչ կին, ոչ տղամարդ։ Այնպես որ, բոլորն էլ մտահոգ են և հասկանում են, որ այսօր ունենք վտանգված Երևան, որը պետք է ազատվի վտանգներից։ Բոլորը, կարծում եմ, այս տրամադրության ներքո են»,- ասաց քաղաքապետի թեկնածուն։
Զարուհի Փոստանջյանը նաև կարծիք հայտնեց, որ մյուս թեկնածուները պետք է դադարեն միմյանց հասցեին մեղադրանքներ հնչեցնել։ Նրա համոզմամբ, պետք է լինի նախընտրական բանավեճ։
«Քաղաքն ունի բազմաթիվ խնդիրներ, և այդ խնդիրները պետք է լուծենք նաև բազմակարծության միջոցով, համատեղ ուժերով՝ օգտագործելով ազգի սերուցքը»,- ամփոփեց «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավարը։
Հարակից հրապարակումներ`
- Մենք որևէ մեկին մրցակից չենք տեսնում. «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամ
- «Երկիր Ծիրանի»-ն Փոստանջյանին առաջադրում է որպես քաղաքապետի թեկնածու
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը