Հայաստանում սրանից հետո տեղի ունեցող ընտրություններում հաղթելու է միայն ժողովուրդը. Նիկոլ Փաշինյան
«Հայաստանում սրանից հետո տեղի ունեցող ընտրություններում հաղթելու է միայն ժողովուրդը, ուրիշ ոչ ոք»,- այսօր «Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Շատ է խոսվում, թե ինչպիսին է այս քարոզարշավը, լավն է, թե վատը։ Նախկինում տեղի ունեցած բոլոր ընտրություններում մարդիկ ասել են՝ ամեն ինչ որոշված է։ Ես համաձայնել եմ, բայց ասել եմ, որ դուք կարող եք ձեր ձայնով որոշվածը փոխել։ Սա առաջին ընտրությունն է, որ ձեր իմացած տրամաբանությունից դուրս է, այսինքն՝ արդյունքների վերաբերյալ չկա ոչ մի կուլիսային պայմանավորվածություն, դավադրություն, կանխորոշվածություն։ Սա Հայաստանի պատմության թերևս առաջին դեպքն է, երբ իշխող քաղաքական ուժն այլ ուժերի հետ չի բանակցում՝ ինչպես կիսել քաղաքական դաշտը»,- ասաց ՀՀ վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը շեշտեց՝ ժողովուրդն իր քվեարկությամբ կորոշի ընտրությունների ելքը։
«Մենք հույսը չենք դնում կրիմինալի վրա, մենք պայքարելու ենք յուրաքանչյուրի վստահության ձայնի համար։ Այսպիսի քարոզարշավ, երբ «ընտրական տասովշիկները» և ընտրակեղծարարները դուրս են ընտրական պրոցեսից, բացառիկ երևույթ է։ Առաջին անգամ է, որ ընտրություններին մասնակցող ոչ մի թիմ թատրոն չի խաղում, ինչ-որ տեղ՝ թղթի վրա, ընտրությունների արդյունքները գրված չեն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը շեշտեց, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող առնվազն 3 քաղաքական ուժ իրենց վերահսկողության տակ գտնվող հեռուստաընկերություններ ունեն, մինչդեռ իրենք չունեն։
«Որևէ սահմանափակում չկա, քաղաքացիների իրավունքները չեն սահմանափակվում։ Միաժամանակ, մենք պետք է ավելի հանդուրժող միջավայր ձևավորենք, թող խոսեն, խոսքի ազատությունը շատ կարևոր արժեք է մեզ համար։ Երբ մարդիկ խոսում են խոսքի ազատության պակասից, պետք է նախ մտածեն»,- ասաց վարչապետը։
Անդրադառնալով «սևի և սպիտակի»՝ բանաձևի առաջքաշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ իրականում բարդությունը ծագել է հետևյալից. «Իմ քայլը» դաշինքը ձևավորվել է որպես հեղափոխության ներկայացուցիչների ցուցակ։
«Ընտրարշավի ընթացքում այնպես է ստացվել, որ շատերը հանդես էին գալիս որպես մի ուժ, որը դեռ էն գլխից հեղափոխության կողքին է եղել, ընդհուպ՝ հեղափոխություն է արել։ Հայաստանում հեղափոխություն արել է ժողովուրդը, ոչ մի քաղաքական ուժ հեղափոխություն չի արել։ Սա չի ֆիքսվել։ Արդարացի է այն, որ եթե նույնիսկ հեղափոխականների և ոչ հեղափոխականների բաժանենք, շատ քաղաքական ուժեր իրենք են իրենց դուրս դրել հեղափոխությունից։
Եվ երբ մենք տեսանք, որ այդ մարդիկ բեմերից հեղափոխության անունն են տալիս, իմ անունն են տալիս, հետո գնում են բակերում սկսում են ՀՀԿ-ական ընտրակեղծարարների հետ բանակցել, մենք ասեցինք, որ այսպես շարունակել չի կարելի։ Եթե որևէ մեկը սև-սպիտակից դժգոհում է, առաջին հերթին մենք ենք դժգոհում։ Դուք եք ձեզ դրել մի դաշտում, երբ ուզում էիք վերակենդանացնել մեռյալ քաղաքական համակարգը։ Բայց այդ բոլոր փորձերը ձախողված են։ Մենք ուրախ ենք, որ սև-սպիտակի մեր բանաձևով բոլոր ուժերին ստիպեցինք խոսել ժողովրդի հետ։ Նրանք հասկացել են, որ միայն ժողովուրդն է որոշելու ընտրությունների արդյունքները,որ ոչ մի քվե չի կորչելու»,- նշեց ՀՀ վարչապետը՝ շեշտելով, որ կոնկրետ իրենց միակ պայմանավորվածությունը ժողովրդի հետ է։