Սոցիալական խնդիրների լուծումները նախընտրական ծրագրերում
Պոլիկլինիկաների վերանորոգում և վերազինում, բուժծառայությունների որակի բարձրացում, բնակֆոնդի արդյունավետ կառավարման մեխանիզմների ներդրում և այլն: Սրանք այն կետերն են, որոնք Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող գրեթե բոլոր քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում կան:
«Հոդված 3» ակումբում «Սոցիալական և առողջապահական խնդիրները Երևանում» թեմայով քննարկման ժամանակ Երևանի ավագանու «Ժառանգություն» կուսակցության թեկնածու Դավիթ Գրիգորյանը, ներկայացնելով իրենց նախընտրական ծրագրի սոցիալական ոլորտին վերաբերող որոշ դրույթներ, նշեց, որ առաջիկա տարիներին պետք է խթանել սոցիալական շինարարությունը, ամեն ինչ անել, որպեսզի պակաս եկամուտ ունեցող ընտանիքները կարողանան նվազագույն տոկոսադրույքներով հիպոթեքային վարկեր ստանալ առևտրային բանկերից՝ քաղաքապետարանի իրականացրած սոցիալական շինարարության ծրագրերից օգտվելու համար:
Բացի այդ, ըստ նրա, պետք է դասակարգել սոցիալապես խոցելի խմբերին և քաղաքապետարանի միջոցներից նրանց ապահովել սեփական տանիքով:
«Անապահովները կարող են իրենք իսկ մասնակցություն ունենալ այդ տների կառուցմանը»,- ասաց Դավիթ Գրիգորյանը:
Ինչ վերաբերում է առողջապահությանը, նա նշեց, որ առաջին հերթին պետք է պոլիկլինիկաները հագեցնել սարքավորումներով: «Հետազոտությունները պատշաճ մակարդակի պետք է կատարվեն հենց առաջնային օղակում: Եթե կարողանանք առաջնային օղակում ճիշտ ախտորոշել հիվանդությունը և ժամանակին կանխել հիվանդությունը, ապա դա պետության վրա ավելի էժան կնստի: Մարդիկ պետք է վստահեն պոլիկլինիկաներին»,- նշեց Դավիթ Գրիգորյանը:
Երևանի ավագանու «Լույս» դաշինքի թեկնածու Թեհմինա Վարդանյանը նշեց, որ իրենց ծրագրի յուրաքանչյուր կետ միտված է սոցիալական խնդիրների լուծմանը:
Մասնավորապես, անդրադառնալով 3-րդ և 4-րդ կարգի վթարայնության շենքերին, նշեց, որ օր առաջ պետք է այս շենքերի բնակիչների խնդիրներին լուծում տալ:
«Օրինակ, Արցախի փողոցում կա երեք վթարային շենք, որոնք փլուզման եզրին են: Դա վտանգավոր է բնակիչների համար և պետք է նրանց վերաբնակեցման հարցը լուծել»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է առողջապահությանը, Թեհմինա Վարդանյանը նշեց, որ իրենց համար ևս առաջնահերթը պոլիկլինիկաներն են: «Մենք 1,5 տարի զբաղվել ենք պոլիկլինիկաների հարցով: Օրինակ, Նոր Արեշի պոլիկլինիկայի լաբորատորիայում սարսափելի պայմաններ էին, և դա այն դեպքում, երբ տնօրենի աշխատասենյակը վերանորոգված և կահավորված էր վերջին մոդայի տեխնիկայով և կահույքով»,- ընդգծեց նա:
Նրա խոսքով՝ խնդիրը պոլիկլինիկաների ոչ ճիշտ կառավարումն է: Այս ոլորտն, ըստ նրա, բարձիթողի վիճակում է եղել և քաղաքապետարանի կողմից պատշաճ վերահսկողություն չի իրականացվել, ինչը բերել է կոռուպցիոն դրսևորումների. «Այս ոլորտը կարիք ունի արդյունավետ կառավարման, որի արդյունքում նախ կկրճատվեն ավելորդ հաստիքները, կբարձրանան պոլիկլինիկաների բժիշկների աշխատավարձերը»:
Նա նույնպես նշեց, որ պոլիկլինիկաների հանդեպ վստահություն չկա, դրա համար, ով հնարավորություն ունի վճարել, պոլիկլինիկա չի գնում: «Մենք այդ խնդրի լուծումը պատկերացնում ենք պոլիկլինիկաների վերանորոգումով, պատշաճ բուժսպասարկումով և տեխնիկական վերազինումով»,- ասաց Թեհմինա Վարդանյանը:
Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Սերգեյ Սարգսյանն էլ նկատեց, որ սոցիալական խնդիրների լուծմանը պետք է հասնեն Երևանում գործող սոցիալական, կրթական և առողջապահական կառույցների համագործակցության շնորհիվ:
Առողջապահության ոլորտում էլ, ըստ նրա, բոլոր ծրագրերը պետք է համալիր բնույթ կրեն. «Միայն պոլիկլինիկայի վերանորոգումով հարցը չի լուծվելու, պետք է համալիր լուծում տալ խնդիրներին»:
«Երկիր Ծիրանի» կուսակցությունից Մարիամ Խաչատրյանն ասաց, որ բոլոր բնագավառներում կարևոր է արդյունավետ կառավարումը: Ըստ նրա՝ իրենց կուսակցությունն առավել մեծ ուշադրություն է դարձնելու սոցիալական ոլորտին: «Հատկապես կարևորում ենք սոցիալապես անապահով ընտանիքներին բնակարանով ապահովելու հարցը: Մասնավորապես, նախատեսում ենք քաղաքային միջոցների հաշվին սոցիալապես անապահով շերտերին, անօթևաններին ժամանակավոր բնակելի կացարաններ տրամադրել,- ասաց նա: