Ֆրանսիան մերժեց Բաքվի հայցը․ «Ադրբեջանը բռնապետություն է»
Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Ֆրանսիայի արդարադատությունը հաստատեց, որ Ադրբեջանը, որը «Cash Investigation» հաղորդման ժամանակ լրագրող Էլիզ Լյուսենի կողմից որակվել էր որպես «աշխարհում ամենակատաղի բռնապետություններից մեկը», չի կարող ներկայացնել զրպարտության վերաբերյալ դատական հայց, գրում է Le Monde-ը։
Ինչպես Նանտեր քաղաքի առաջին ատյանի դատարանը, Վերսալի վերաքննիչ դատարանը ևս վարույթ չի ընդունել Բաքվի հայցադիմումը:
Դատարանը վճռել է, որ 1881թ․-ին ընդունված մամուլի ազատության մասին օրենքով «օտար երկիրը չի կարող զրպարտության վերաբերյալ հայց ներկայացնել» ֆրանսիայում։
Լորան Ռիչարդը թվիթերում գրել է․«Ադրբեջանը չի սիրում, որ նրան անվանում են դիկտատուրա, բայց ևս մեկ անգամ նրանք պարտվեցին։ Այնպես որ, ևս մեկ անգամ, ինչպես մենք ասում ենք ֆրանսերեն «un chat est un chat» (կատուն կատու է), Ադրբեջանը դիկտատուրա է»։
Էլիզ Լյուսենն էլ թվիթերում գրել է, որ Ադրբեջանը պարտվեց «Cash Investigation»-ին, հաղթեց տեղեկացնելու ազատությունը։
Բաքուն հայց էր ներկայացրել ընդդեմ France 2 հեռուստաալիքի լրագրողներ Էլիզ Լյուսենի ու Լորան Ռիչարդի, որոնց մեղադրում էր զրպարտության մեջ՝ Ադրբեջանին «դիկտատուրա» (բռնապետություն) անվանելու համար:
2015թ.-ի սեպտեմբերի 7-ին հեռարձակված «Cash Investigation» հաղորդման ժամանակ Էլիզ Լյուսեն ներկայացրել է Լորան Ռիչարդի ռեպորտաժը, որն արվել էր նաև Ֆրանսուա Օլանդի Բաքու այցի շրջանակներում, որում Ադրբեջանը ներկայացվում է որպես «բռնապետություն», իսկ նախագահ Իլհամ Ալիևը՝ որպես «դիկտատոր» կամ «բռնապետ»:
«Ասել, որ Ադրբեջանում դիկտատուրա է, սա կարծիք չէ: «Cash Investigation»-ը կարծիքների վերաբերյալ հաղորդում չէ, այլ հետաքննություն»,-ասել էր հաղորդավարը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան