«Մետրոպոլիտեն» թանգարանում ներկայացվելու է քրիստոնյա Հայաստանը
Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում սեպտեմբերի 22-ին բացվելու է «Հայաստան» (Armenia!) ցուցահանդեսը։ Լրագրողների հետ հանդիպմանը մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն ասաց, որ ցուցահանդեսը նվիրված է հայ ժողովրդի գեղարվեստկան և մշակութային ձեռքբերումներին համաշխարհային համատեքստում՝ քրիստոնեության ընդունումից՝ 4-րդ դարից մինչև 17-րդ դար։
Նա տեղեկացրեց, որ ցուցահանդեսում ներկայացվելու է 140 նմուշ, որոնց մեծ մասը ներկայացվում է հենց Հայաստանից կողմից. Հայաստանի Պատմության թանգարանից ցուցադրվելու է 34 նմուշ, Էջմիածնի Մայր Աթոռի թանգարաններից 20 նմուշ, Մատենադարանից՝ 28 նմուշ։
Մայր Աթոռի թանգարանների և արխիվների տնօրեն տեր Ասողիկ քահանա Կարապետյանն ասաց, որ «Մետրոպոլիտենը» ամերիկյան մայրցամաքում կարևոր դերակատարում ունեցող թանգարան է, ներկայացված ցուցահանդեսը ոչ միայն մշակութային նշանակության ունի, նաև քաղաքական, հավասարազոր է 2007 թվականին Լուվրում տեղի ունեցած ցուցահանդեսին։
«Հատկանշական է, որ բանակցությունների ժամանակ հենց «Մետրոպոլիտենի» համակարգողներն են ուզել, որ իրենց թանգարանում ներկայանա քրիստոնյա Հայաստանը»,- նշեց Տեր Ասողիկը՝ հավելելով, որ մեծ ակնկալիք ունեն այս ցուցահանդեսից՝ նախ Հայաստանը պատշաճ ներկայացման առումով, նաև զբոսաշրջային։
Մայր Աթոռի թագարանների հավաքածուից ներկայացված ցուցանմուշներից է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի կրկնօրինակը և օրիգինալ արծաթյա պահարանը։ Տեր Ասողիկն ասաց, որ «Մետրոպոլիտենի» տնօրինության հատուկ խնդրանքին ընդառաջ է տրամադրվել այդ մասունքը։
Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Գրիգոր Գրիգորյանն ասաց, որ իրենց թանգարանից ներկայացվելու է 34 նմուշ, որոնք քանդակագործության բարձրաժեք նմուշներ են։ Կան եկեղեցական, կրոնական պարագաներ, կիրառական արվեստի նմուշներ։
«Համոզված եմ՝ այդ նմուշների միջոցով յուրաքանչյուր այցելու իր համար մի բացահայտում կանի»,- ասաց Գ. Գրիգորյանը։
Նա տեղեկացրեց, որ ցուցադրության համադրողը բյուզանդագետ դոկոր Հելեն Էվանսն է։ Ցուցադրության ամբողջ ընթացքում կարմիր թելով գնում է Քրիստոնեությունը։
Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանն ասաց, որ Մատենադարանը 28 ձեռագրով է մասնակցում ցուցահանդեսին։ Իրենք տրամադրել են հիմնականում ավետարաններ, նաև միջնադարյան մատենագրության կարևոր նմուշներ։ Նա կարևորեց նաև ցուցահանդեսի շրջանակում կատալոգի հրատարակումը, որի տեքստը համաձայնեցված է Հայաստանի հետ։
Գ. Գրիգորյանը հայտնեց, որ ցուցահանդեսի ֆինանսական բոլոր ծախսերը հյուրընկալող կողմն է արել, Հայաստանի բյուջեից ոչ մի կոպեկ չի ծախսվել, ինչպես նաև տեխնիկական ամեն ինչ իր վրա է վերցրել «Մետրոպոլիտեն» թանգարանը, նաև այն բարերաները, ֆոնդերը, որոնք աջակել են, ներդրում են արել ցուցահանդեսի կայացման համար։ Բացի «Մետրոպոլիտենից», գխավոր հովանավորն է նաև ԱՄՆ-ից «Հակոբ Գևորգյան» հիմնադրամը։
«Ես մի հավելում կուզեմ, եթե չասեմ, խիղճս ինձ չի ների։ Կուզեի անպայման նշվեր նաև նախաձեռնությունը ում կողմից է գնացել։ Վիգեն Սարգսյանի, ամբողջ բանակցությունները 4 տարի առաջ նա է արել, կուզեի իր անունն էլ հնչեր»,- ասաց Տեր Ասողիկը։
Ցուցահանդեսի պաշտոնական բացումը լինելու է սեպտեմբերի 24-ին, գործելու է մինչև 2019 թվականի հունվարի 13-ը։
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին