«Մենք պատրաստ ենք բանակցությունների, բայց մենք պատրաստ ենք նաև պատերազմի»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերով միացավ Աջափնյակ համայնքում հանրահավաք անցկացնող «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին։
Վարչապետը Արցախից Հայաստան վերադառնալու ճանապարհին էր։ Նա հայտնեց, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանի և ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ այցելել էր առաջնագիծ, որտեղ աշխատանքային քննարկում են ունեցել։
«Ընդհանուր առմամբ առաջնագծում իրավիճակը լարված է, բայց կայուն և վերահսկելի է, ՀՀ ԶՈւ և ԱՀ ՊԲ-ն վստահորեն վերահսկում են իրավիճակը։ Հստակ արձանագրեցինք, որ չկա որևէ կասկած, որ մեր Զինված ուժերը վստահորեն վերահսկում են իրավիճակը և անհրաժեշտ պատասխանն են տալիս Ադրբեջանի զինված ուժերի սադրանքներին: Բայց դա չի նշանակում, որ մենք պատերազմ ենք ուզում կամ պատերազմ ենք հրահրում, մենք պատրաստ ենք բանակցությունների: Արցախի նախագահի հետ այդ դիրքորոշումը նույնպես քննարկեցինք, նա նույնպես պատրաստ է պատերազմի: Մենք պատրաստ ենք բանակցությունների, բայց մենք պատրաստ ենք նաև պատերազմի։ Դա պետք է արձանագրեն և Հայաստանում, և դրսում։ Մեր վստահությունը հիմնված է մեր զինված ուժերի, մեր ժողովրդի վստահության և այսօր հաստատված բացառիկ միասնականության վրա»,- ասաց վարչապետը։
Անդրադառնալով սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին՝ Փաշինյանը նշեց. «Այս ընտրություններն ունեն շատ կարևոր քաղաքական ենթատեքստ։ Առաջին ընտրություններն են հեղափոխությունից հետո, և մեր թիմի համար ձեզնից յուրաքանչյուրի ձայնը չափազանց կարևոր է»։
Նա նշեց, որ պետք է մեկնի Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային, և այնպես էր ստացվել, որ պետք է մեկներ 22-ին, սակայն քվեարկելու համար ամեն ինչ հետաձգել է, որպեսզի ամսի 23-ին քվեարկի՝ նոր մեկնի։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան