«Էմմիի» հեռուստահեռարձակումը հակառեկորդ է սահմանել
«Էմմի» 70-րդ մրցանակաբաշխության հեռուստատեսային հեռարձակումը նախորդ տարիների համեմատ 11 տոկոսով ավելի քիչ մարդ է դիտել։ Այս տարվա «Էմմին», որը կայացել էր սեպտեմբերի 16-ին, մրցանակաբաշխության պատմության մեջ ունեցել է ամենաքիչ դիտումը։
Գազետա.ռու կայքը, հղում անելով Variety-ին, գրում է, որ NBC հեռուստաալիքով «Էմմի» մրցանակաբաշխությունը դիտել է 10,2 միլիոն մարդ, մինչդեռ 2017-ին CBS-ով այն դիտել էր 11,4 միլիոն հեռուստադիտող։
Սկզբնաղբյուրը նշում է, որ հեռուստատեսային լսարանի կրճատման միտում է նկատվում նաև այլ խոշոր մրցանակաբաշխությունների ժամանակ։ Օրինակ, 2018 թ. «Օսկար» մրցանակաբաշխությունը դիտողների քանակը 18 տոկոսով նվազել էր։