Ճապոնիայի ճանապարհորդող տիկնիկները՝ Հայաստանում
Սեպտեմբերի 20-ին Հովհ. Թումանյանի թանգարանի ցուցասրահում կբացվի «Ճապոնիայի տիկնիկները» ճանապարհորդող ցուցադրությունը, կներկայացվեն Ճապոնական տիկնիկագործական արվեստի յուրահատուկ նմուշներ:
Panorama.am-ին Հովհ. Թումանյանի թանգարանից պատմեցին, որ Ճապոնիայում հնուց տիկնիկները կենցաղի մաս են կազմել։ Ճապոնական տիկնիկները ներկայացնում են ճապոնական տարազները և դրանք կրողների էությունը, ունեն հստակ տարածքային հատկանիշներ և դարերի ընթացքում տարաբնույթ ձևեր են ստացել: Ճապոնական տիկնիկների միջոցով ներկայնում են նաև ազգային արհեստները, ինչպես, օրինակ՝ մանածագործությունը:
«Ճապոնիայի տիկնիկները» ցուցահանդեսին կներկայացվեն Ճապոնիայից բերված 7 տասնյակ բացառիկ տիկնիկներ, ՀՀ-ի նախագահ Արմեն Սարգսյանի ընտանիքի հիմնադրամին պատկանող ճապոնական մեկ տիկնիկ, Հովհ. Թումանյանի ճապոնական հետաքրքրությունները։
ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության կայքից տեղեկանում ենք, որ այս ցուցահանդեսը ներկայացնում է Ճապոնիայի տիկնիկները, այդ թվում` Հինա նինգյո (աղջիկների տոնի տիկնիկներ) և Գոգացու նինգյո (տղաների տոնի տիկնիկներ), որոնք կրում են հին ավանդույթներ, տիկնիկներ, որոնք կապված են ավանդական կատարողական արվեստի հետ, ինչպիսիք են Նո, Բունրակու և Կաբուկի, տիկնիկներ Ճապոնիայի տարածաշրջաններից և ժամանակակից արհեստագործների կողմից պատրաստված «ստեղծագործ տիկնիկներ»:
Հարցին, թե աղջիկների տոնի տիկնիկներն ու տղաների տոնի տիկնիկներն ի՞նչ խորհուրդ ունեն, Հովհ. Թումանյանի թանգարանից պատասխանեցին, որ տղաների տոնին զինվորի տիկնիկ են դնում, որ տղան լինի քաջ, առույգ։ Աղջիկների տոնին՝ մարտի 3-ին, ճապոնացիները տները զարդարել են հատուկ տիկնիկներով՝ վերևի հատվածում դնում են ծնողների տիկնիկները՝ կին և տղամարդ, հետո արդեն փոքրիկ տիկնիկեր, որը պատկերում է երեխներին։
Ցուցահանդեսը կազմակերպվում է Ճապոնիա Հիմնադրամի, ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության և Հովհ. Թումանյանի թանգարանի կողմից:
Ճապոնիայի Հիմնադրամը համագործակցում է աշխարհի ավելի քան 130 երկրների հետ՝ միջազգային մշակութային փոխանակումների ոլորտում։ Այդ գործունեությունը կենտրոնացած է հիմնականում երեք ծրագրային ուղղություններում՝ արվեստների և մշակութային փոխանակում,արտերկրում ճապոներեն լեզվի ուսուցում, ինտելեկտուալ փոխանակում։ Վիզուալ արվեստների միջոցով ճապոնական մշակույթն ավելի մատչելի դարձնելու նպատակով Հիմնադրամը համագործակցում է արտերկրի թանգարանների հետ՝ բազմաբնույթ ցուցահանդեսների միջոցով ներկայացնելով ինչպես ավանդական, այնպես էլ ժամանակակից ճապոնական արվեստները։
Ցուցահանդեսի կգործի մինչև նոյեմբերի 11-ը:
Լուսանկարները՝ ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության կայքից։