Արամ Խաչատրյանի 115 և Երևանի 2800-ամյակներին նվիրված համերգ՝ Հռոմի օպերային թատրոնում
Հռոմի օպերային թատրոնում կայացել է Արամ Խաչատրյանի 115 և Երևանի 2800-ամյակներին նվիրված համերգ։ Երեկոյի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ հնչել են Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Էդգար Հովհաննիսյանի ստեղծագործությունները։
Համերգից առաջ հանդիսատեսին իր խոսքն է ուղղել Իտալիայում Հայաստանի դեսպան Վիկտորյա Բաղդասարյանը։ Նա կարևորել է հայ-իտալական հարաբերությունները, դրանց կայուն զարգացումը, մշակութային կապերը։ Երեկոն մեկնարկել է Հայաստանի և Իտալիայի օրհներգներով։
Համերգին ներկա են եղել Իտալիայում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, բարձրաստիճան պաշտոնյաներ։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից հայտնում են, որ ջութակահար Հայկ Կազազյանը կատարել է Խաչատրյանի Ջութակի կոնցերտի առաջին մասը, իսկ դուդուկահար Կամո Սեյրանյանը՝ «Սարերի հովին մեռնեմ» և «Վաղարշապատի պար» հայկական ժողովրդական ստեղծագործությունները։ Հայկ Կազազյանն ու Կամո Սեյրանյանն անակնկալ էին պատրաստել ունկնդրի համար՝ երաժիշտները դուետով նվագեցին Կոմիտասի «Կռունկը», որը մեծի տպավորություն է թողել ներկաների վրա, ինչի վկայությունն է եղել անդադար ծափահարությունները։
Համերգը եզրափակվել է Խաչատրյանի «Լեզգինկայով» և «Սուսերով պարով»։ Հռոմի օպերայի լեփ-լեցուն դահլիճը, տպավորված հայկական երաժշտությամբ, չէր հեռանում՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանին բազմիցս հրավիրելով բեմ՝ խնդրելով ներկայացնել նորանոր ստեղծագործություններ։
Համերգը կազմակերպել էր Իտալիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը։