Ուրցաձորում արջերից հեռախոսներով են սկսել պաշտպանվել
Խոսրովի արգելոցին հարակից Ուրցաձոր գյուղում գիշերը արջերը որսի են գնում։ Նախընտրում են առողջ սնունդ՝ դամբուլ, խնձոր, ծիրան, որևէ ընտանի կենդանու առայժմ չեն վնասել։ Գյուղի սեփականաշնորհված հողերն անտառից մոտ 8 կմ հեռավորության վրա են։
Գյուղապետ Ռաֆիկ Անդրեասյանը Panorama.am-ի հետ զրույցում ասում է՝ համայնքի բնակիչները գիտեն, որ բերքի 30 տոկոսի տերն են, մնացած 70 տոկոսն անտառի հսկա բնակիչներինն է։
Անդրեասյանի այգուց փրչոտները համտեսել են դամբուլը, աներձագի հողամասից՝ ձմերուկ։ Արդյունքում դամբուլի ծառից մի դույլ բերք են հավաքել, նախատեսվող տասի փոխարեն։
«Հետո պատմել են՝ շատ համեղ է»,-կատակում է նա։
Կատակասեր գյուղապետը մի մտավախություն ունի՝ արջերը կարող են չմարսել «քցիբ» մարդկանց այգիներում կերած բերքը։
Ասում են՝ այս տարի արջերն ավելի հաճախ են գյուղ մտնում, ենթադրում, որ պատճառը Խոսրովի արգելոցում անցած տարի բռնկված հրդեհն է, ինչի հետևանքով կերը քչացել է։ Գյուղապետը նախորդ տարիների համեմատ այցերի զգալի տարբերություն չի տեսնում։
«Ուղղակի հիմա ապարատներն են շատացել, տեխնոլոգիաներն են զարգացել, մարդիկ նկարում են ու ոգևորված տարածում։ Տարվա էս եղանակին չոր կլիմա է, սնունդը չի բավարարում, բնազդով ուտելիք են փնտրում, որտեղ գտան, 70 տոկոսն ուտում են»,-ասում է գյուղապետը, ով 15 տարի աշխատել է արգելոցում։
Համացանցում կոտրված ծառերի լուսանկարներ հրապարակել է հենց գյուղապետի եղբայրը։ Համայնքի ղեկավարն այս անգամ էլ կենդանիների կողմից է. «Ծառերը նա դիտմամբ չի կոտրում, ուղղակի ծանրաքաշ կենդանի է, տակի մասն ուտում է, վերջանում է, վերևի պտուղներին բոյը չի հասնում, բարձրանում է ճյուղին, նրա քաշից ճյուղն է կոտրվում»։
Գյուղացիներն արջերից իրենց ապրուստը փրկելու համար զանազան միջոցների են դիմում։ Փող ունեցողները լույս արձակող ու ձայն հանող տեխնիկական միջոցներ են տեղադրում այգում, չունեցողներն էլ գիշերը պահակ են կանգնում։
«Մարդ էլ կա, գիտե՞ք ոնց է պաշտպանում։ Երկու հեռախոս ունի, մեկը տանում է, թողնում այգում, գիշերն անընդհատ զանգում է, որ էդ ձայնից ու արձակած լույսից փախնի»,-գյուղացիների հնարամտության մասին պատմում է նա։
Վնասի փոխհատուցումն արջից ակնկալելն անիմաստ բան է, պետությունից՝ կարծես նույնպես։ Չնայած արջերը գրեթե բոլոր այգետերերի տարածք այցելել են, բայց գրավոր որևէ դիմում չկա։
«Ժողովուրդն ասում է, խոսում, բայց ոչ մի դիմում չկա»,-ասում է Անդրեասյանը։
Ուրցաձորը ցանկապատելն անհնար են համարում, բայց արջերի մուտքը փակելու մտադրություն կա։ Հիմա փորձում են արևային էներգիայով սնվող մի քանի էլեկտրական հովիվներ ձեռք բերել։
«Դրանք կենդանիներին չեն սպանում, էլեկտրահարում են, հետո վախից էդ տարածք չեն մտնում։ Հիմա մենք գներն ենք ճշտում, փորձում էժան ձեռք բերելու տարբերակներ գտնել»,-նշում է Անդրեասյանը։
Խոսրովի արգելոցում արդեն իսկ կան էլեկտրական հովիվներ։ Դրանք տեղադրել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը ՀՀ բնապահպանության նախարարության հետ համագործակցության շրջանակում «Խոսրովի անտառ» պետական արգելոցին է նվիրել արևային վահանակներով սնուցվող էլեկտրական ցանկապատեր։
Հիմնադրամը հայտարարել էր, ծրագիրը փորձնական է և հաջողելու դեպքում Հայաստանի մյուս արգելոցներում, բնության հատուկ պահպանվող տարածքներում և ազգային պարկերում նույնպես կտեղադրվեն նման սարքավորումներ։
Էլեկտրական «հովիվները» հոսանքի թույլ լարումով ցանկապատեր են, որոնք կանխում են կենդանիների մուտքը որոշակի տարածք՝ առանց նրանց վնասելու։ «Խոսրովի անտառ»-ում տեղադրվածները նախատեսված են մեղվի փեթակներն՝ արջերից, ձիերին՝ գայլերի հնարավոր հարձակումներից պաշտպանելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Խոսրովի արգելոցի «գորշուկները»
- Խոսրովի արգելոցում հերթական անգամ տեսախցիկի օբյեկտիվում է կովկասյան ընձառյուծ
- ԲՆ. Կովկասյան ընձառյուծը վերադարձել է Խոսրովի արգելոց
- «Արջանոց» ռեստորանային համալիրի երկու արջերին տեղափոխել են Ուրցաձորի Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան
- Ուրցաձորում այսուհետև կգործի կենդանիների փրկարար կենտրոն
- «Մենամարտ առյուծի հետ»՝ Ուրցաձորում պահվող առյուծները մարդ են վնասել
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան