Անկախության օրվա առթիվ Հանրապետության նախագահը շարունակում է շնորհավորանքներ ստանալ
Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ տարբեր երկրների ղեկավարներից:
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն իր շնորհավորական ուղերձում համոզմունք է հայտնել, որ երկկողմ հարաբերություններում առկա ներուժի իրացումը, ինչպես նաև երկու երկների ժողովուրդների բարեկամական բազմադարյա կապերը կնպաստեն փոխըմբռնման և փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկխոսության ամրապնդմանը:
Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր ուղերձում մասնավորապես նշել է, որ Բելառուսը շարունակում է լինել Հայաստանի վստահելի գործընկերը և պատրաստ է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ միջպետական երկխոսության զարգացման նպատակով:
Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնը վստահություն է հայտնել, որ երկու երկրների ու ժողովուրդների միջև պատմականորեն հաստատված բարեկամական կապերը արդյունավետ համագործակցության հետագա զարգացման հիմք են ստեղծում:
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն իր ուղերձում մասնավորապես համոզմունք է հայտնել, որ երկու երկրների միջև առկա գործակցության ու փոխըմբռնման բարձր մակարդակը ամուր հիմք է հարաբերությունների հետագա շարունակական զարգացման և փոխշահավետ կապերի ամրապնդման համար:
Նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորել է նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ, գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը:
Շնորհավորական ուղերձներ են հղել Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նախագահ Խալիֆա բին Զայեդ ալ Նահյանը, ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ Մուհամմադ բին Ռաշիդ ալ Մաքթումը, Աբու Դաբիի արքայազն, ԱՄԷ զինված ուժերի գերագույն փոխհրամանատար Մուհամմադ բին Զայեդ ալ Նահյանը:
Նախագահ Արմեն Սարգսյանին և հայ ժողովրդին իրենց բարեմաղթանքներն են հղել նաև Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ Ասադը, Ավստրալիայի Միության գեներալ-նահանգապետ Փիթեր Քոսգրովը, Սաուդյան Արաբիայի թագավոր, Զույգ Սրբավայրերի պահապան Սալման բին Աբդուլ Ազիզ ալ Սաուդը։
Հարակից հրապարակումներ`
- Պուտինը Հայաստանի քաղաքացիներին խաղաղություն ու բարօրություն է մաղթում
- Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առթիվ
- Անկախության տոնի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորանքներ է ստանում
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան