Բակո Սահակյանը շնորհավորել է Հարավային Օսիայի նախագահին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 20-ին շնորհավորական ուղերձ է հղել Հարավային Օսիայի Հանրապետության Նախագահ Անատոլի Բիբիլովին` Անկախության օրվա առթիվ:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ, ուղերձում ասված է.
«Հարգարժա՛ն Անատոլի Իլյայի,
Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ և Հարավային Օսիայի եղբայրական ժողովրդին` Անկախության օրվա կապակցությամբ:
1990 թվականի սեպտեմբերի 20-ը շրջադարձային եղավ Օսիայի հնագույն պատմության մեջ: Հարավային Օսիայի ժողովուրդն ընդունեց կարևոր որոշում և հռչակեց իր հայրենիքի անկախությունը՝ պատրաստակամություն հայտնելով ինքնուրույն կանխորոշելու սեփական ճակատագիրը:
Այդ տարիների ընթացքում Հարավային Օսիայի Հանրապետությունն անցել է փշոտ, բայց փառահեղ ճանապարհ՝ բազում անգամներ ոտքի ելնելով հանուն իր անկախ պետականության, պատվի և արժանապատվության պաշտպանության:
Այսօր եղբայրական Հարավային Օսիան կայացած և դինամիկ զարգացող պետություն է, որը վստահորեն նայում է դեպի ապագան: Մենք անկեղծորեն ուրախ ենք մեր բարեկամ պետության բոլոր ձեռքբերումների և հաջողությունների համար:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ, հարգարժա՛ն Անատոլի Իլյայի, և մաղթում Ձեզ և Հարավային Օսիայի-Ալանիայի ողջ ժողովրդին խաղաղություն, երջանկություն, նոր հաջողություններ ու ձեռքբերումներ»: