ՀԱՊԿ-ի չարձագանքելը չի նշանակում, որ կազմակերպությունում մենք մեր գործառույթը չենք իրականացնում. նախարար
ՀԱՊԿ-ն այն կառույցն է, որի մեջ ապահովում ենք մեր միասնական անվտանգությունը: Այս մասին այսօր գործադիրի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով հարցին, թե նախօրեն հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի կրակոցից հայ զինվոր էր սպանվել, սակայն ՀԱՊԿ-ը հայտարարությամբ հանդես չեկավ:
«Մենք աշխատում ենք այդ շրջանակում, և ՀԱՊԿ-ի կողմից արձագանքի լինել-չլինելը չի նշանակում, որ այդ կազմակերպությունում մենք մեր գործառույթը չենք իրականացնում»,- նշեց նախարարը:
Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին պայմանագրային զինծառայողի զոհվելու դեպքին՝ Զոհրաբ Մնացականյանն ասաց, որ երեկ հանդես են եկել հայտարարությամբ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին, ժամը 13.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պատասխանատվության տարածքում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի կողմից արձակված կրակոցից պարանոցի շրջանում հրազենային գնդակային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, շարքային Հայկազ Բաբկենի Մաթևոսյանը (ծնված 1980թ., ծառայում էր 2011թ.-ից, Տավուշի ԶԿ):
ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, զինվորական հոսպիտալ տեղափոխելիս շարքային Հ. Մաթևոսյանը մահացել է:
ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը երեկ անդրադարձել էր վերջին օրերի հայ-ադրբեջանական սահմանի լարվածությանն, ինչպես նաև՝ Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից սպանված հայ զինծառայողի սպանությանը:
Տիգրան Բալայանը մասնավորապես ասել է.
«Վերջին շրջանում Ադրբեջանը շարունակաբար գնդակոծում է հայ-ադրբեջանական պետական սահմանը՝ թիրախավորելով և վնաս հասցնելով դրա երկայնքով գտնվող բնակավայրերին, քաղաքացիական հաստատություններին և խաղաղ բնակչությանը։ Այսօր ադրբեջանական կողմի կրակոցներից Հայաստանի Տավուշի մարզում զոհվել է ՀՀ զինծառայող, շարքային Հայկազ Մաթևոսյանը։ Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում զոհվածի ընտանիքին, հարազատներին և ծառայակիցներին ու վստահեցնում, որ շարունակելու ենք վճռականորեն աշխատել խաղաղության հաստատման ուղղությամբ։Այս մասին, ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։
Ըստ Տիգրան Բալայանի՝ Բաքվի կողմից իրավիճակի լարմանը միտված գործողությունները, զուգակցվելով ռազմատենչ հռետորաբանության հետ, խաթարում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ու միջազգային հանրության կողմից խաղաղությանը նպաստող մթոնլորտի ձևավորմանն ուղղված ջանքերը:
Խստորեն դատապարտելով Ադրբեջանի քայլերը՝ միջազգային հանրության՝ առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ուշադրությունն ենք հրավիրում իրադրության հետագա սրումը կանխելու նպատակով Բաքվին սանձելու և կառուցողական դաշտ բերելու հրատապ անհրաժեշտության վրա»:
Հարակից հրապարակումներ`
- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ուշադրությունն ենք հրավիրում Բաքվին սանձելու հրատապ անհրաժեշտության վրա. Բալայան
- ՊՆ. Հայաստանում հակառակորդի գնդակից զինծառայող է մահացել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին