ՀԱԿ. ՄԻԵԴ վճիռներով ապացուցվել է, որ Հայաստանի արդարադատության համակարգը կայացրել է բազմաթիվ ակնհայտ անարդար վճիռներ
Հայ Ազգային Կոնգրեսը տարածել է հայտարարություն՝ անդրադառնալով սեպտեմբերի 20-ին Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանի հրապարակած 2008թ-ի մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ առաջին գործերով՝ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի և Գասպարին ընդդեմ Հայաստանի վճիռներին՝ դրանք որակելով պատմական։
Ըստ ՀԱԿ-ի, դրանցով ապացուցվել է, որ Հայաստանի արդարադատության համակարգը կայացրել է բազմաթիվ ակնհայտ անարդար վճիռներ՝ Մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում ցուցարարների նկատմամբ ուժի գործադրմամբ խաղաղ հավաքը ցրելու վերաբերյալ, որի ընթացքում բազմաթիվ ցուցարարների պատճառվել են մարմնական վնասվածքներ, տասնյակ քաղաքացիների նկատմամբ հարուցվել են քրեական գործեր, կատարվել են ձերբակալություններ, իսկ դատարանների կողմից կայացված դատական ակտերի արդյունքում՝ շատերը դատապարտվել են տարբեր ժամկետներով ազատազրկման կամ այլ պատիժների:
«ՄԻԵԴ կայացված վճիռներով միջազգային դատարանը հաստատել է, որ.
1. Մարտիմեկյան ոճրագործությունը եղել է իշխանությունների կողմից նախապես ծրագրված գործողություն, որը նպատակ է ունեցել բռնի ուժով ապօրինաբար ցրել կեղծված ընտրությունների դեմ ծավալված բացառապես խաղաղ բողոքի ակցիաները,
2. ՀՀ հատուկ քննչական ծառայությունը 2008թ մարտի 1-ին հարուցված քրեական գործով թույլ է տվել հիմնարար իրավունքների կոպտագույն խախտումներ, իսկ ՀՀ դատախազությունը հաստատել է այդ քրեական գործերով ակնհայտ անհիմն և անարդար մեղադրական եզրակացությունները։
3. ՀՀ դատական եռաստիճան համակարգը, խախտելով արդարադատության հիմնարար նորմերը, դակել է դատախազության կողմից հաստատված շինծու մեղադրական եզրակացությունները։
Այսպիսով, միջազգային դատական բարձր ատյանի կողմից հաստատվեցին Հայ Ազգային Կոնգրեսի այն պնդումները, որ 2008թ. մարտի 1-ի ոճրագործության համար ամբողջ պատասխանատվությունը կրում են այդ օրվա իշխանությունները, իսկ դրան հետևած իրավապահ մարմինների և դատարանների գործողությունները հետապնդել են ոչ թե մեղավորներին պատժելու, այլ ոճրագործությունը պարտակելու և դրա համար պատասխանատվությունը ընդդիմության առաջնորդների և առանձին ակտիվիստների վրա բարդելու նպատակ։
Հիմք ընդունելով ՄԻԵԴ կողմից կայացված վճիռները, Կոնգրեսը վերահաստատում է իր այն դիրքորոշումը, որ Հայաստանում անհրաժեշտ է կիրառել անցումային արդարադատություն, որպեսզի՝
1. Վերականգնվեն մարտիմեկյան ոճրագործության հետևանքով մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների զանգվածային ոտնահարումից տուժած բոլոր քաղաքացիների իրավունքները, ովքեր պետք է արդարացվեն և ստանան փոխհատուցում՝ կրած բարոյական և նյութական վնասների համար
2. Պատասխանատվության կանչվեն Մարտի 1-ի գործով իրավապահ և դատական մարմինների այն պաշտոնյաները, ովքեր կատարել են հանցագործություններ արդարադատության դեմ, ինչի արդյունքում հարյուրավոր անմեղ մարդիկ ապօրինաբար ենթարկվել են քրեական հետապնդման և պատիժների»,-ասված է Կոնգրեսի հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբան. ՄԻԵԴ այս վճիռը համակարգային մահացու հիվանդության ախտորոշում է
- ՄԻԵԴ կայացրած այսօրվա վճիռներով Հայաստանը պարտավորվում է վճարել մոտ 77 հազար եվրո
- ՄԻԵԴ-ը հրապարակեց «Գասպարին ընդդեմ Հայաստանի» վճիռը՝ մարտի 1-ի դեպքերի հետ կապված
- ՄԻԵԴ-ը հրապարակել է Մարտի 1-ի հետ կապված «Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները