ՄԻԵԴ կայացրած այսօրվա վճիռներով Հայաստանը պարտավորվում է վճարել մոտ 77 հազար եվրո
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է Հայաստանի վերաբերյալ 3 վճիռ՝ «Գասպարին ընդդեմ Հայաստանի», «Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» ու «Գուլյան ընդդեմ Հայաստանի»։ Այս վճիռների արդյունքում Հայաստանը քաղաքացիների իրավունքների խախտման համար պետք է վճարի մոտ 77 հազար եվրո։
«Գասպարին ընդդեմ Հայաստանի» ու «Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ վճիռները ներկայացրել ենք առանձին։
«Գուլյան ընդդեմ Հայաստանի» գործով հայցը ՄԻԵԴ ներկայացրել է 1942թ.-ին ծնված Աշոտ Գուլյանը։ Գործը վերաբերում է նրա 30-ամյա որդու՝ Լևոն Գուլյանի մահվանը, երբ նրան հարցաքննել են ոստիկանությունում՝ որպես սպանության գործով վկա։
Լևոն Գուլյանը մահացած է հայտնաբերվել 2007թ.-ի մայիսի 12-ին ոստիկանության շենքի բակում՝ ըստ ամենայնի ընկնելով երկրորդ հարկի պատուհանից։ Լևոն Գուլյանը ոստիկանություն հարցաքննվելու էր կանչվել իր ռեստորանի առաջ տեղի ունեցած սպանության հետ կապված։
ՄԻԵԴ կայքում ասվում է, որ մահվան գործը 2007թ.-ի դեկտեմբերին փոխանցվել է հատուկ քննչական ծառայությանը, որից հետո այն բազմիցս փակվել է ու վերաբացվել։ Ամեն անգամ, երբ գործը փակվում էր, պատճառաբանվում էր, որ Գուլյանը փորձել է խուսափել այլ վկայի հետ առերեսումից, քանի որ այդ դեպքում նա ստիպված կլիներ բացահայտել սպանություն կատարողին։ Վերջին անգամ գործը փակվել է 2012թ.-ի փետրվարին։
Հայցվոր Աշոտ Գուլյանը ՄԻԵԴ հայցը ներկայացրել է հենվելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի վրա՝ կյանքի իրավունք, ու բողոքել ոստիկանությունում որդու մահվան ու իշխանությունների կողմից արդյունավետ քննություն չիրականացնելուց։
ՄԻԵԴ-ը գտել է, որ գործով տեղի է ունեցել Կոնվենցիայի խախտում։ Հայաստանն այս գործով պետք է վճարի 50 հազար եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում, 2000 եվրո՝ որպես կատարված ծախսեր։
Նշենք, որ Վարդգես Գասպարի գործով Հայաստանը վճարելու է 4000 եվրո, իսկ Մուշեղ Սաղաթելյանի գործով՝ 20 600 եվրո։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները