Մշակույթի նախարարը գերազանցել է բոլոր հնարավոր լիազորությունները. Հովհաննես Գալստյան
Ֆիլմ Արտադրողների Համահայկական Ֆեդերացիան սեպտեմբերի 4-ին հայտարարությամբ էր հանդես եկել՝ անվստահություն հայտնելով մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հրամանով ձևավորված Ֆիլմերի ֆինանսավորման Պետական Հանձնախմբի աշխատանքներին։ Ֆիլմ Արտադրողների Համահայկական Ֆեդերացիայի ներկայացուցիչներն արձանագրել են, որ մրցույթը չի համապատասխանում Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական գործընթացների ոգուն, չի արտահայտում կինոյի կառավարման բարեփոխումների պահանջները և հակասություններ ունի մրցույթի անցկացման կանոնակարգի դրույթների հետ։
Panorama.am-ը հետաքրքրվեց «Ֆիլմ Արտադրողների Համահայկական Ֆեդերացիա» նախաձեռնության հիմնադիր-անդամ, «Պարալլելս» Ֆիլմպրոդաքշն կինոընկերության և «ՍԻՆԵՄԱ» շարժապատկերային արվեստների արդյունաբերական և կրթական կենտրոնի հիմնադիր Հովհաննես Գալստյանից, թե այդ հայտարարությունից հետո մշակույթի նախարարությունից որևէ պատասխան ստացե՞լ են։
«Մենք նախարարությունից այս էտապում պատասխան չենք սպասում, քանի որ հայտարարել էինք, որ անվստահություն ենք հայտնում և շարունակում ենք հետևել գործընթացին։ Հանձնաժողովը նիստեր է անցկացնում, չնայած ոչ մի ռեկլամենտով սահմանված չէ։ Մենք էլ հետևում ենք, պրոդյուսերների ֆեդերացիայով հավաքում ենք ինֆորմացիա, նաև այլ մարդկանցից, ովքեր ֆեդերացիայի անդամ չեն, բայց շփվել են հանձնաժողովի հետ»,- ասաց Հ. Գալստյանը։
Նա նշեց, որ ամեն ինչը կհավաքեն, առանձին նամակով կդիմեն նախարար Մակունցին, կպահանջեն բացատրություն. «Նա շատ ավտորիտար, ինքնակամ ռեժիմով է աշխատացրել դա, այսինքն միայն նախարարությունն է որոշումներ կայացրել, կինոյի պրոֆեսիոնալ համայնքը, պրոդյուսերներն ընդհանրապես մասնակցություն չեն ունեցել։
Իմ կարծիքով՝ նախարարը գերազանցել է բոլոր հնարավոր լիազորությունները և շատ մեծ միջամատություն է ունեցել պրոֆեսիոնալ հանձնաժողովի մեջ։ Այդ ամեն ինչը կհավաքենք, ըստ երևույթին հոկտեմբերի սկզբին նախարար Մակունցից բացատրություն կպահանջենք, եթե պատասխան չստանանք՝ մամուլի ասուլիս կհրավիրենք»։
Հ. Գալստյանն ասաց, որ նախկինում այդ հանձնախումբը ձևավորում էր Ազգային կինոկենտրոնը, հաստատում էր նախարարությունը, նոր կանոնադրությամբ՝ մշակույթի նախարարությունը։
«Առաջ երբեք չի եղել, որ նախարարության ներկայացուցիչ չինովնիկները ներառված լինեն հանձաժողովի մեջ և իրենք որոշեն՝ ինչ չափորոշիչներով են հանձնաժողով կառուցում։ Չի կարող մշակույթի նախարարությունը, չինովնիկները նման միջամտություն ունենան պրոֆեսիոնալ ֆոնդի հետ, իրենք չունեն բավարար գիտելիքներ կինոյի մասին, չգիտեն՝ ինչ է կինոարտադրությունը։ Սա լուրջ քննարկելու խնդիր է»,- նշեց Հովհաննես Գալստյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին