Նաիրա Զոհրաբյան. Երկու օր ունեք հոգեբաներով, ռեպետիտորներով պատրաստվելու բանավեճին
Քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածու Նաիրա Զոհրաբյանը չի պատրաստվում մասնակցել Առաջինի ալիքի կազմակերպած դեբատին։ Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց թեկնածուն, հիմնավորելով, թե չի պատկերացնում ինչ բանավեճ կստացվի 12 թեկնածուի մասնակցության արդյունքում։
«Աբսուրդ է, տեսե՞լ եք բանավեճ նախնական տեսաձայնագրմամբ։ Սա կարծում եմ՝ վիրավորանք է թեկնածուներից յուրաքանչյուրի հասցեին։ Բանավեճ ես հասկանում եմ ուղիղ եթերով»,-հիմնավորեց թեկնածուն։
Զոհրաբյանը կրկին դիմեց «Իմ քայլը» դաշինիքի թեկնածուին բանավիճելու առաջարկով. «Հեշտացնում եմ խնդիրը իր համար, պատրաստ եմ ընդունելու բանավեճի ձեր օրակարգը։ Օրերս հետևեցի, շատ կարևոր դատողություններ էիք անում Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման մասին, ես պատրաստ եմ ձեզ հետ բանավիճել խնդրի լուծման բոլոր մոդելների վերաբերյալ։ Հեշտացնում եմ եմ խնդիրը, կուզեք քաղաքական, կուզեք արտաքին քաղաքական, կուզեք տնտեսական, կուզեք բացառապես երևանյան խնդիրների վերաբերյալ։ Ավելի եմ հեշտացնում խնդիրը, կուզեք այն խնդրների վերաբերյալ, որտեղ դուք համարում եք ձեզ համար կոմֆորտ, մշակութային խնդիրները, եթե համարում եք, այն ինչ ներկայացնում եք հանրությանը՝ «Ազիզյաններ», «Սուպեր մամա», արվեստ ու մշակույթ է, պատրաստ եմ որպես կինոգետ բանավիճել Ձեզ հետ, բացառապես ուղիղ եթերում, որ հեռուստաընկերությամբ կուզեք, ընտրում եք դուք»։
ԲՀԿ-ական թեկնածուն հիշեցրեց, որ քարոզարշավի ավարտին երկու օր է մնացել. «Երկու օր ժամանակ ունեք տնտեսագետներով, քաղաքագետներով, հոգեբաներով, ռեպետիտորներով պատրաստվելու բանավեճին։ Առաջարկս ուժի մեջ է»։
Նա մանրամասնեց, թե ինչու է հենց Հայկ Մարությանին բանավեճի հրավիրել. «Նա միակ թեկնածուն էր, որ ասեց, մեր դեմ խաղ չկա։ Մենք սպիտակ ենք, մյուսները սև են։ Իր քաղաքական թիմը միակն է, որ ասում է՝ գալու ենք, հաղթելու ենք, ջախջախելու ենք։ Ուստի բանավիճելու օրակարգ ես ունեմ բացառապես «Իմ քայլ»-ը դաշինքի թեկնածուի հետ»։
Նշենք, որ Առաջին ալիքի Խաղի կանոնններ դեբատային հեռուստածրագիրը՝ Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ, հաղորդման նկարահանումներին մասնակցելու նպատակով հրավիրել է քաղաքապետի 12 թեկնածուներին, որոնցից դեբատին այս պահի դրությամբ համաձայնել են մասնակցել տասը։ Նրանք են՝ Արտակ Ավետյան (Ռեֆորմիստների կուսակցություն), Րաֆֆի Հովհաննիսյան («Ժառանգություն» կուսակցություն), Միքայել Մանուկյան (ՀՅԴ) Արտակ Զեյնալյան («Լույս» դաշինք) Անահիտ Թարխանյան («Երևանի հանրություն» դաշինք), Գևորգ Հովսեփյան («Հայք» («Հայկազունիներ») կուսակցություն), Զարուհի Փոստանջյան («Երկիր ծիրանի» կուսակցություն), Հայկ Մարության («Իմ քայլը» դաշինք) Մհեր Շահգելդյան («Օրինաց երկիր»), Արարատ Զուրաբյան («Երևանցիներ» դաշինք):
«Ժողովրդավարական ուղի» կուսակցության ցուցակի առաջին համարը՝ Մանուել Գասպարյանը, չի կարողանա մասնակցել դեբատներին անձնական հարգելի պատճառով:
Թողարկումը կհեռարձակվի սեպտեմբերի 21-ին՝ ժամը 22։25, Առաջին ալիքի եթերում։
Հարակից հրապարակումներ`
- Ագրեսիայի առումով սա ամենանողկալի ընտրապայքարն է, որին մասնակցել եմ. Նաիրա Զոհրաբյան
- Զոհրաբյանը կոչ է հղել բոլոր թեկնածուներին, բացի մեկից
- Զոհրաբյան. Դուխով խնդիրներ չեն լուծվելու
- Մենք մասնակցում ենք հեղափոխության երկրորդ էտապի՞ն, թե՞ Երևանի ավագանու ընտրություններին. Զոհրաբյան
- Երևանի քաղաքապետի ընտրությունները հեղափոխության և հակահեղափոխության ընտրություններ են. Նիկոլ Փաշինյան
- Ես հայ մարդուն չեմ բաժանում հեղափոխականների և հակահեղափոխականների. Արամ Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին