«Երևան ՋԷԿ»-ի պատճառով «Սպայկան» ու «Արմսանպրոդակտ»-ը ջերմոց կառուցելու ծրագրով կներդնեն ոչ թե 133, այլ 88 մլն դրամ
Գործադիրն այսօրվա նիստում հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 23-ի N 762-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագծին, որով առաջարկվում է երկարաձգել «Սպայկա» ու «Արմսանպրոդակտ» ՍՊԸ-ներին հողամաս նվիրաբերելու համաձայնության ժամկետը մինչև 2019 թվականի դեկտեմբեր։
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն ասաց, որ ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Արմսանպրոդակտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող Նորագավիթ թաղամասին հարող տարածքում 60 հեկտար կիսափակ ջերմոցային համալիրի կառուցման ներդրումային ծրագրի ֆինանսական միջոցների նվազեցման և շինարարության ժամկետը հետաձգելու անհրաժեշտությամբ:
Ներդրումային ծրագրով ջերմոցային համալիրի համար անհրաժեշտ ներդրումները գնահատվել են մոտ 133 մլն ԱՄՆ դոլար, իսկ շինարարության ավարտը՝ 2018 թվականի ամռանը։ Մինչդեռ ներդրումային ծրագրի ֆինանսավորման և ջերմոցային համալիրի մատակարարման ժամկետներով, ինչպես նաև ընկերության ներդրումային ծրագրի իրականացման համար անհրաժեշտ «Երևան ՋԷԿ» ՓԲԸ-ի միջոցով էլեկտրաէներգիային մատակարարմամբ պայմանավորված ներդրումային ծրագրի ինժիներատեխնիական առաջարկում համապատասխան փոփոխություններով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել ներդրումների ծավալներում և շինարարության ավարտի ժամկետներում կատարելու փոփոխություններ և ներդրումային արժեքը սահմանել 88 մլն ԱՄՆ դոլար, իսկ շինարարության ավարտը՝ 2019 թվականի դեկտեմբերին։
Այսպիսով, նախատեսվում է շուրջ 88 մլն դոլարին համարժեք դրամի ներդրումների հաշվին մինչև 2020 թվականը ամայացած 60 հա հողամասի վրա կառուցել կիսափակ ջերմատնային համալիր, որը հնարավորություն կտա ստեղծելու ավելի քան 700 մշտական աշխատատեղ, կընդլայնվի ջերմոցային արտադրանքի արտադրության և արտահանման ծավալները։
ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն ասաց, որ ներդրումները նվազել են ոչ ներդրողի մեղքով, այլ «Երևան ՋԷԿ»-ի, որը պարզվում է, այդքան էլեկտրաէներգիա չի կարող տրամադրել:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ հավելեց. «Հավատացեք, որ 88 մլն էլ լուրջ ներդրում է և վատ չէ, որ չօգտագորված հողերն այս տեսակ ծրագրերով օգտագործվեն»: Նա միաժամանակ առաջարկեց ծրագիրը հաստատել, բայց պայման դնել, որ եթե ներդրումները չարվեն կամ կիսատ արվեն, հողը հետ վերցնեն:
Հարակից հրապարակումներ`
- ՊԵԿ. Որոշում է կայացվել «Սպայկա» ՍՊԸ-ի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել
- «Սպայկա». Հայաստանում արդեն գործում է հետխորհրդային շրջանի ամենամեծ ջերմոցային համալիրը
- «Սպայկա»-ն արտադրած լոլիկն ու բուլղարական պղպեղը կարտահանի նաև ԱՄԷ
- Կառավարությունը վստահ է, որ «Սպայկա»-ի և «Արմսանպրոդակտ»-ի համագործակցությունը օրինակ են դառնալու
- Մրցունակ գյուղմթերք. «Սպայկա»-ն ընդլայնում է ջերմոցային տնտեսությունը