Գազալցակայաններում տեղադրված խաղային ապարատները պետք է դուրս բերվեն հնարավորինս շուտ ժամկետներում. վարչապետ
«Գազալցակայաններում և ամենուր տեղադրված խաղային ապարատները պետք է դուրս բերվեն հնարավորինս շուտ ժամկետներում», - այս մասին գործադիրի նիստում «Վիճակախաղերի մասին» և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Բացի այդ, ըստ նրա, պետք է հնարավորինս տրամաբանական ձևերով սահմանափակվի փողոցային թակարդների՝ բուքմեյքերական գրասենյակների գոյությունը, և, ի վերջո, նաև դրանք նույնպես դուրս գան. «Առաջինը՝ պետք է անել շատ արագ և շատ վճռական, երկրորդը՝ քանի որ իրենք, այնուամենայնիվ, կազմակերպման ավելի բարդ ձևեր ունեն, պետք է ավելի լավ մտածված անել»:
«Եվ երրորդը՝ ռազմավարական առումով պետք է բացառենք այն իրավիճակը, երբ տեսնում ենք, որ մեր երկրում տնտեսական ակտիվության ինչ-որ շատ լավ ցուցանիշ կա, և ուզում ենք հասկանալ՝ այդ ինչ ցուցանիշ է, պարզվում է՝ ոչ մի բան տեղի չի ունեցել: Պարզապես տեղի է ունեցել ֆուտբոլի աշխարհի առաջնություն, և մեր երիտասարդությունն այդ օրերին զբաղված է եղել խաղադրույքներ անելով և պարտվելով, բնականաբար: Այսինքն՝ այս 3 խնդիրը մենք պետք է լուծենք»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը մեկ անգամ ևս նշել է, որ պետք է ամեն ինչ բաց քննարկել, որպեսզի որևէ մեկը չմտածի, որ այս համատեքստում որևէ թեմա լոբինգ է արվում. «Եթե պարզվի, որ կան սուբյեկտիվ պահեր, այդ սուբյեկտիվ պահերն էլ պետք է վերացնել, հանել, որպեսզի ամեն ինչ լինի ճշգրիտ, ոչ թե ճիշտ, այլ ճշգրիտ»: