9.5մլն գործարք, 200մլրդ դոլար. Danske Bank-ն իմացել է սև ցուցակում գտնվող ռուս հաճախորդների մասին
Ամերիկյան The Wall Street Journal-ը, հղում անելով իր տրամադրության տակ հայտնված դանիական խոշորագույն Danske Bank-ի կոնֆիդենցիալ նամակագրությանը, գրում է, որ փողերի լվացման սկանդալի մեջ հայտնված բանկի ղեկավարությունը դեռևս 2013թ.-ին իմացել է, թե ինչպիսի իրավիճակ է Էստոնիայի իր մասնաճյուղում։ Բանկի ղեկավարությունն իմացել է, որ բանկի իր հաճախորդների մեջ են նաև Ռուսաստանի Կենտրոնական բանկի սև ցուցակում գտնվող անձինք։
Ամսագրի տիրապետության տակ հայտնված նամակում Նիլս Տոր Միկելսենը, ով այդ ժամանակ զբաղեցնում էր բանկի՝ փողերի լվացման դեմ պայքարի բաժինը, դեռևս 2013թ.-ի ապրիլին էստոնական մասնաճյուղից հարցում է արել ՌԴ ԿԲ սև ցուցակում ներառված անձանց հաշիվների մասին։ Միկելսենը գրել է, որ իր մոտ տպավորություն է, որ Danske Bank-ը պատշաճ լրջությամբ չի վերաբերվում այդ հարցերին ու հարցնում է, թե արդյոք էստոնական մասնաճյուղը գործում է իրավական նորմերին համապատասխան։
Danske Bank-ի ներքին ուսումնասիրության արդյունքներով պարզվել է, որ 2007-ից 2015թթ.-ներին էստոնական մասնաճյուղով 15 հազար օտարերկրյաքաղաքացիներ իրականացրել են 9.5մլն գործարքներ, որը կազմել է 200 միլիարդ եվրո։ Այդ գործարքներն իրականացնող անձանցից 6200-ը ճանաչված են եղել «շատ կասկածելի»։
Սկանդալի պատճառով բանկի գլխավոր գործադիր տնօրեն Թոմաս Բորգենը նախօրենի հրաժարական ներկայացրեց։
ԶԼՄ-ների հաղորդմամբ, էստոնական մասնաճյուղում միլիարդավոր անօրինական ռուսական ու նաև ադրբեջանական գումարներ են լվացվել, որոնց վերաբերյալ բացահայտումներ էր արել բրիտանական The Guardian-ը՝ իր «Ադրբեջանական լվացքատուն» հետաքննական հոդվածում։ The Guardian-ը գրել էր, որ Ադրբեջանի իշխող վերնախավը 2.9 մլրդ դոլարի գաղտնի ծրագիր է իրագործել՝ հայտնի եվրոպացիներին վճարելու, շքեղ ապրանքներ ձեռք բերելու և ոչ թափանցիկ բրիտանական ընկերությունների միջոցով փող լվանալու համար:
Հարակից հրապարակումներ`
- Danske բանկը չի կարողանում գնահատել՝ որքան ռուսական ու ադրբեջանական փող է լվացել
- «Ադրբեջանական լվացքատուն». Սկանդալային բացահայտումներ Ադրբեջանի կողմից եվրոպացիներին կաշառելու վերաբերյալ