ՄԻԵԴ-ը հրապարակել է Մարտի 1-ի հետ կապված «Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է Մարտի 1-ի հետ կապված «Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը։
Գործը ՄԻԵԴ էր ներկայացրել Մուշեղ Սաղաթելյանը, որը վերաբերում է 2008թ.-ի նախագահական ընտրությունների հետևանքով տեղի ունեցած լայնամասշտաբ բողոքի ակցիաների արդյունքում հայցվորի ձերբակալությանը, դատաքննությանն ու ոստիկանության կողմից վատ վերաբերմունքին։
Մուշեղ Սաղաթելյանը ՄԻԵԴ հայց էր ներկայացրել՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի (խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի արգելում), 5-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերի (ազատության ու անվտանգության իրավունք), հոդված 6-ի 1-ին ու 3-րդ կետերի (արդար դատաքննության և վկաների մասնակցելու ու քննության իրավունք), հոդված 10-ի (ազատ արտահայտման իրավունք) ու 11 հոդվածների (հավաքների եւ միավորումների ազատություն) հիմքով։
ՄԻԵԴ-ը գտել է, որ տեղի են ունեցել վերոնշյալ իրավունքների խախտումներ ու հաստատել, որ պատասխանող երկիրը՝ Հայաստանը, 3 ամսվա ընթացքում պետք է հայցվորին վճարի 15.600 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում, ինչպես նաև 5000 եվրո՝ կատարված ծախսերի համար՝ գումարած ցանկացած հարկ, որ կարող է գանձվել։
ՄԻԵԴ կայքում գործի մանրամասներում նշվում է, որ 2008թ.-ի մարտի 1-ի առավոտյան տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում Մուշեղ Սաղաթելյանը, այլ ցուցարարներ ևս, կալանավորվել էր ու այդ երեկոյան արդեն ձերբակալվել։ Մարտի 3-ին նա մեղադրվել է բռնի ուժով կառավարության տապալման ու պաշտոնյաներին վիրավորելու մեջ։
Մարտի 4-ին դատարանի որոշմամբ 2 ամսով կալանավորվել է։ Նրա բողոքը կալանավորման դեմ մերժվել է։ 5 ամիս անց նրա նկատմամբ մեղադրանքները հանվել են՝ ապացույցների բացակայության պատճառով։ Սակայն այնուհետ նոր մեղադրանք է առաջադրվել՝ 2 ոստիկանի վիրավորելու ու անօրինաբար դանակ կրելու համար։ Մուշեղ Սաղաթելյանը դատապարտվել է 2008թ.-ի հոկտեմբերին՝ 5 տարվա ազատազրկման ու ազատ արձակվել 2010թ.-ի նոյեմբերին։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան